Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում գրանցած լուրջ խախտումների և սահմանափակումների մասին։
«Ընտրությունները տեղի են ունեցել սահմանափակումների, իրական քաղաքական այլընտրանքների բացակայության պայմաններում: Արձանագրվել են լուրջ խախտումներ, որոնցից մի քանիսը հակասում են 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթին, որում ուրվագծվում են մարդու մի շարք իրավունքներ և հիմնարար ազատություններ»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Նշել են, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կենսական դեր է խաղում ընտրական գործընթացների արդար գնահատման ապահովման գործում։
«Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է անում համագործակցել կազմակերպության հետ՝ վերջնական հանձնարարականների կատարման ուղղությամբ: Ադրբեջանը Մեծ Բրիտանիայի կարևոր գործընկերն է, և մենք պատրաստ ենք աջակցել նրանց ընտրական բարեփոխումների և ժողովրդավարական գործընթացի բարելավմանը»,- հավելել են ԱԳՆ-ում։
Փետրվարի 8-ին ԵԱՀԿ-ն մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում փետրվարի 7-ին կայացած նախագահական արտահերթ ընտրությունների կապակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հայտնել էին, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը քվեաթերթիկների 93,35%-ի հաշվարկից հետո ստացել է ձայների 92,05%-ը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել էր 76,73 տոկոս։
Աշխարհի մի շարք առաջնորդներ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, շնորհավորել էին Ալիևին հաղթանակի կապակցությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







