ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր օրակարգում չկա, «РИА Новости»-ին հայտնել է ՀԱՊԿ հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը:
Դիվանագետի խոսքով՝ ՀԱՊԿ-ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023 թվականի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման վրա. այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերի նստաշրջանում, որին հայկական կողմը չէր մասնակցել, ընդունվել էին փաստաթղթեր, որոնք Երևանը քննարկում է։ Այդ փաստաթղթերից մի քանիսի վերաբերյալ կա հայկական կողմի համաձայնությունը, ինչից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց չկա»,- ասել է Վասիլևը։
Նա հայտարարել է, որ Երևանը ՀԱՊԿ միջոցառումներին չի մասնակցել՝ գտնվելով ճնշման տակ:
«Շատ առումներով այս իրավիճակն ինչպես արևմտամետների ճնշման, մյուս կողմից՝ Հայաստանի ղեկավարության և բնակիչների հասկանալի էմոցիաների արդյունք է»,- նշել է նա:
2023-ի նոյեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ ՀԱՊԿ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների Մինսկում կայացած հանդիպումներին մասնակցությունից հրաժարվել էին նաև Հայաստանի արտաքին գործերի և Պաշտպանության նախարարության նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը։






































