Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև լարվածությունն օրեցօր աճում է, գրում է Le Monde-ը՝ մեկնաբանելով ադրբեջանցի խորհրդարանականների՝ Փարիզի հետ բոլոր տնտեսական կապերը խզելու կոչը։
«Այս դեմարշը պատասխան էր Ֆրանսիայի Սենատի կողմից 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունմանը, որը հանգեցրեց այս անկլավի անկմանը և մոտ 100 հազար հայերի արտագաղթին»,- ասվում է ֆրանսիական հրատարակության հրապարակած «Ադրբեջանն սպառնացել է հարվածել Ֆրանսիայի գրպանին» խորագրով հոդվածում:
Ադրբեջանցի խորհրդարանականների կոչն առաջին հերթին ուղղված է Total Energies ընկերության դեմ, որը հանդիսանում է Ադրբեջանում ֆրանսիական գլխավոր ներդրողը, պնդում է Le Monde-ը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ ադրբեջանցի խորհրդարանականները պահանջել են բոլոր ֆրանսիական ընկերություններին բացառել պետական մրցույթներից և ճանաչել Նոր Կալեդոնիայի, ֆրանսիական Պոլինեզիայի և Կորսիկայի անկախությունը։
Le Monde-ը մեջբերում է քաղաքագետ, Vesti.az կայքի գլխավոր խմբագիր Նիջաթ Հաջիևի կարծիքը, ով նշում է, որ Ադրբեջանի օրենսդիրների պահանջած պատժամիջոցներն այս պահին միայն քաղաքական հայտարարություններ են, որոնք «չեն ազդում տնտեսական իրականության վրա»։ «Բաքուն Փարիզին հասկացնում է, որ ավելի լավ է ընդհանուր լեզու գտնել և վերադառնալ ռեալպոլիտիկի շրջանակներին։ Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն այս տարածաշրջանում Ֆրանսիայի կողմից գնված ուրանի հիմնական տարանցիկ երկրներից մեկն է»,- մեջբերում է հրատարակությունը Հաջիևին։
Le Monde-ն արձանագրում է Փարիզի և Բաքվի միջև լարվածության նոր փուլ և հիշեցնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «քսան տարի իշխանության ղեկին է, և պատրաստվում է փետրվարի 7-ին իր չորրորդ վերընտրությանը»: Նա մեղադրել է Ֆրանսիային Կովկասում նոր պատերազմներ հրահրելու մեջ՝ զենք մատակարարելով Հայաստանին:
Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը հունվարի 18-ին հայտարարություն էր ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել բոլոր տնտեսական հարաբերությունները Փարիզի հետ։ Կոմիտեն նաև առաջարկել էր կառավարությանը սառեցնել ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները, ֆրանսիական ընկերություններին հեռացնել Ադրբեջանից և արգելել նրանց մասնակցությունը Բաքվի պատվիրած նախագծերին։ Հայտարարությունն ընդունվել էր ի պատասխան հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով։ Ֆրանսիացի օրենսդիրները հաստատել էին նաև Հայաստանի իրավունքը՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ունենալու միջոցներ՝ ապահովելու իր անվտանգությունը, այդ թվում՝ ռազմական։
Ֆրանսիական TotalEnergies էներգետիկ ընկերությունը և Ադրբեջանի Պետնավթընկերությունը (SOCAR) 2023 թվականի հուլիսին հայտարարել էին Աբշերոն գազի հանքավայրում արդյունահանման մեկնարկի մասին։ TotalEnergies-ը և SOCAR-ը համագործակցության համաձայնագիր էին ստորագրել 2023 թվականի դեկտեմբերին՝ AUSEA տեխնոլոգիան օգտագործելու մեթանի հայտնաբերման և չափման մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







