ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ ընթացիկ գործընթացներն ու իրականացվող քայլերը,ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման մեր հանձնառությունը բխում է մեր քաղաքացիների համար ավելի լավ և անվտանգ միջավայրի տեսլականից: Իմ խորվաթ գործընկերոջ հետ մենք դիտարկել ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ողջ շրջանակը, որն ընդգրկում է մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, մարդկանց միջև շփումները, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև անվտանգության հարցերը: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունն ընդլայնվում է նոր ուղղություններով, այն է՝ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը ՀՀ-ում և անվտանգային հարցերով երկխոսությունը»,- նշել է նա:
Կողմերը մտքեր են փոխանակել նար միջազգային և տարածաշրջանային անվտանգության թեմաների շուրջ։
«Ես իմ գործընկերոջը մանրամասն տեղեկացրել եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես նշվեց, ավելի վաղ հնարավորություն ունեցել ենք քննարկելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման՝ Հայաստանի տեսլականը, մարտահրավերների հաղթահարմանն ու տարածաշրջանային կապերի զարգացմանն ուղղված ջանքերը: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին: Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերները կիսում են այն նույն մոտեցումը, որ խաղաղությունը պահանջում է անսասան հանձնառություն և իրական շահագրգռվածություն երկարաժամկետ լուծումների հարցում: Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է՝ հիմնված հայտնի սկզբունքների և պայմանավորվածությունների վրա»,- ասել է Միրզոյանը։
Պատասխանելով Խորվաթիայի հանրային հեռուստատեսության լրագրողի խաղաղությանն ուղղված ջանքերի մասին հարցին՝ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բարեխղճորեն ներգրավված է Ադրբեջանի հետ բանակցություններում, և ավելի քան շահագրգռված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմամբ։
«Մենք համոզված ենք, որ սա շահավետ կլինի ոչ միայն Հայաստանի բնակչության, այլև տարածաշրջանի պետությունների համար։ Այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ մեր կառուցողականությունը երբեմն նույն չի արտացոլվում մեր հարևանների վարքագծում։ Մենք ներգրավված ենք եղել բանակցություններում ի թիվս այլոց, նաև Եվրոպական միության աջակցությամբ, և ներկայումս տեսնում ենք, որ Ադրբեջանը, ցավոք, հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում։ Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք շարունակելու բանակցությունները: Ինչպես նշեցի, մենք կարևորում ենք ոչ այդքան, թե ով է նպաստում բանակցությունների անցկացմանը, որքան այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է բանակցությունները շարունակվեն»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը:
Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ հունվարին կկայանա երկու երկրների սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում կքննարկվի միայն մեկ հարց՝ «Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը»։ Ալիևն անդրադարձել էր Զանգեզուրի միջանցքին՝ նշելով, որ եթե միջանցքն ստեղծվի, ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները «պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։ «Եթե իմ նշած երթուղին բաց չէ, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում»,- ասել էր նա։ Ադրբեջանի նախագահը նշել էր նաև, որ «ութ գյուղերի հարցը, որոնք այսօր գտնվում են հայկական օկուպացիայի տակ» մշտապես օրակարգում է և քննարկվել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետի հետ շփումների ժամանակ։ Իր հերթին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվի հայտարարությունները համարել էր լրջագույն հարված խաղաղության գործընթացին։
ArmeniaToday-ի հետ զրույցում Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, որ Փաշինյանի՝ «ամեն ինչ տանք, ամեն ինչին համաձայնենք, որ հանկարծ Ադրբեջանը չջղայնանա» մոտեցումը հերթական անգամ տոտալ ֆիասկոյի ենթարկվեց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







