«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է ԱԺ լիագումար նիստերն արտակարգ դրության ռեժիմում չանցկացնել:
«Ես կարծում եմ, որ մենք, ԱԺ նիստը գումարելով հիմա, 130 հոգով հավաքվելով և մեր աշխատակիցներին աշխատանքի հրավիրելով, վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ հաշվի առնելով վարչապետի երեկվա հայտարարությունը։ Առաջարկում եմ խմբակցություններով քննարկել, և ԱԺ-ում մնանք միայն խորհրդի անդամներով, ովքեր անընդհատ կապի մեջ կլինեն։ Հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը և այդ ճանապարհով նիստերը չիրականացնենք, առավել ևս, որ հրատապ նախագիծ չունենք, որը կապված է ատակարգ դրության հետ», — ասաց Մարուքյանը քառօրյայի մեկնարկին։
Ընդդիմադիրն առաջարկում է քննարկել արտակարգ դրության ռեժիմի հետ կապված հրատապ օրինագծերը կամ որոնք կոչված են լուծելու տնտեսության հարցերը՝ արտահերթ նիստերի գումարման ռեժիմով:
«Մենք արդեն ցույց ենք տվել, որ անհրաժեշտության դեպքում շատ օպերատիվ կարող ենք հավաքվել։ Նախորդ անգամ մեկ ժամում հավաքվել ենք», — հայտարարեց Մարուքյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ չի կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա՝ «կյանքը շարունակվում է, և օրինակ ծառայելու համար մենք պետք է ոչ թե նստենք տանը, այլ շարունակենք մեր աշխատանքները», — ասաց Միրզոյանը՝ նշելով, որ հստակ չէ, թե որքան կտևի արտակարգ դրությունը, հետևաբար այդ ռեժիմով չեն կարող մեկ տարի մնալ, բացի այդ այլ ռեժիմով աշխատել չեն կարող, որովհետև օրենսդրությունն այդպիսին չէ:
Արարատ Միրզոյանի կարծիքը պաշտպանեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






