1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կրկին հայտնվել է աղմկալի պատմության մեջ: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա և տեղակալ Մենուա Հովսեփյանը առևանգել են Գուրգեն Հ.-ին և ծեծի ենթարկել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Եվ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրել Առուշ Առուշանյանին, որը, սակայն, հայտնել է, թե որևէ միջադեպ չի եղել, ինքը մարդու չի առևանգել, չի ծեծել, չի էլ ընդունում իր մեղքի բաժինը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա անունը կապվում է նաև 2019 թվականին հարուցված մի քրեական գործի հետ, և իրավապահները նրա ստորագրությունը ուղարկել են փորձաքննության՝ պարզելու համար, թե արդյոք նա է ստորագրել քրեական գոծով անցնող որոշման տակ:
Ստացվում է, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի անվան հետ կապված՝ Սյունիքի մարզի քննչական վարչությունում երկու քրեական գործ է քննվում:
2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցման իրական պատճառը, թերթի տեղեկություններով` Հայաստանի սակրավորների ներկայությունն է Սիրիայում, ինչն ԱՄՆ-ն անթույլատրելի է համարել և քանիցս զգուշացրել է մեր իշխանություններին, սակայն մերոնք «համապատասխան» քայլեր չեն ձեռնարկել։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ կա մեկ այլ նրբություն ևս՝ ամերիկացիներն ասում են, որ եթե դուք ունեք ականազերծման հնարավորություններ, իսկ հայ ականազերծողները, որոնք այսօր Սիրիայում են, ԱՄՆ-ում են վերապատրաստվել, եթե ունեք հնարավորություն Սիրիա ուղարկելու, բերեք Արցախ, ինչո՞ւ պետք է դա մենք անենք:
«Ականազերծման համար տարեկան 1-1,5 մլն դոլար էր հատկացվում, չի բացառվում, որ խաղաղության նախապատրաստման գումարն ավելի մեծ լինի»,- նկատեց Սարգսյանը։
3․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ չնայած ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում չբացառեց, որ արտակարգ դրությունը կարող է ավարտվել սահմանված ժամկետից՝ ապրիլի 14-ից շուտ, սակայն երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, կոնորավիրուսի հետ կապված, իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում էր կամ կանխատեսվում:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, թե որքան կարող է տևել արտակարգ դրության գործողության ժամկետը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը»,-ասվում է հոդվածում:
Միևնույն ժամանակ, եթե նշված ժամկետների ընթացքում չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել նախագահի հրամանագրով` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:
Այսինքն՝ արտակարգ դրության ավարտից հետո այդ ժամկետը կարող է կրկին երկարաձգվել, և կրկին՝ 30-օրով։
4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ապրիլի 13-ին Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը հետ է կանչվել, դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը: Լուրեր տարածվեցին, որ դեսպանի փոփոխությունը պայմանավորված է վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի Բրազիլիա կատարած այցով և երկրի առաջին տիկին Բոլսոնորուի հետ կայացած ջերմ հանդիպմամբ, որից հետո լուրեր տարածվեցին, որ Բրազիլիայի նախագահը վարակված է, ինչը հետագայում ժխտվեց, ինչպես ժխտեցին Աննա Հակոբյանի դերակատարությունը դեսպանի փոփոխության հարցում:
Հարցին` ինչո՞վ էր պայմանավորված Գալոյանի հետկանչը, որը 2014 թվականից Բրազիլիայում ՀՀ դեսպանն էր, ԱԳ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց. «ԱԳՆ-ում գործում է ռոտացիոն բնականոն ընթացակարգ, և այդ փոփոխությունը պետք է դիտարկել այդ համատեքստում»:
5․ «Իրատես» թերթը գրում է, թե Արմեն Աշոտյանի բավականին ռացիոնալ առաջարկը, այն է՝ Հայաստանը հանդես գա պանդեմիայի դեմ համաշխարհային պայքարի նախաձեռնությամբ, այդ թվում և օգտվի Չինաստանի` կորոնավիրուսի դեմ պայքարի փորձից, նաև հաշվի առնելով համերաշխության մթնոլորտը՝ իրենք պատրաստ են այդ հարցում իրենց ողջ ջանքը ներդնելու, հանդիպել է իշխանությունների «անհասկացողության պատին»։
Ըստ թերթի՝ մեր ԱԳՆ-ում այդ առաջարկը «ադաբրյամս» է ստացել, սկսել են աշխատել այդ ուղղությամբ, սակայն կառավարությունն իմանալով այդ մասին` դեմն առել է, ասել` չենք անելու, էդ էր պակաս Աշոտյանի առաջարկը կյանքի կոչենք:
6․ «Հրապարակ» թերթը գրում է, որ արդեն 3-րդ շաբաթն է՝ քաղաքապետարանի ամենշաբաթյա դիսպետչերականները, որոնց ժամանակ զեկուցվում են, թե ինչ է կատարվել քաղաքում, հանձնարարականները ինչ ընթացք ունեն և նոր հանձնարարականներ են տրվում, չեն անցկացվում։
Ավելին, քաղաքապետ Հայ Մարությանը ոչ մեկին չի ընդունում, կապը աշխատողների հետ պահպանում է ընդունարանի միջոցով։ Չի կատարվում նաև օնլայն որևէ խորհրդակցություն։
3 շաբաթ քաղաքի կենսագործունեության համար պատասխանատուները, փաստորեն, անգործության են մատնված, իսկ քաղաքապետին դա չի հետաքրքրում։
Հայկ Մարությանն այնքան վախեցած է, որ գերատեսչությունների ղեկավարներն իրենք են գնում կառավարությունում ասուլիսներ տալիս, այդ թվում՝ քաղաքապետի տեղակալները։
Մարությանը նույնիսկ վարչապետի Երևանյան շրջայցին չէր մասնակցում։ Հիմա էլ կամ չի գնում աշխտանքի կամ մի քանի ժամով գնում մեկուսանում է իր աշխատասենյակում, որ ոչ մեկի հետ չշփվի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






