Ֆրանսիացի գործարար Մարտին Ռայանը, որը ձերբակալվել էր Ադրբեջանում 2023 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի օգտին լրտեսության մեղադրանքով, երբեք չի թաքցրել իր ադրբեջանամետ դիրքորոշումը, հայտնել է Ֆրանսիական TF1 հեռուստաալիքը:
Ռայանը, ով մասնագիտացած է Ադրբեջանում պարենային ապրանքների ներմուծման և բաշխման մեջ, 2021 թվականի մայիսի 17-ին բաց նամակ է գրել նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով ֆրանս-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու «վճռական գործողություններ»՝ խաթարված «չափազանց անշնորհք և կողմնակալ հայտարարություններով» և «ֆրանսիական հայամետ դիվանագիտությամբ»: Այս նամակը մնացել է անպատասխան, պարզաբանել է հեռուստաալիքը։
2023 թվականի հունվարին Ռայանը կրկին հրապարակայնորեն դատապարտել էր Ֆրանսիայի դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև հակամարտության վերաբերյալ։ «Ֆրանսիայում հայկական սփյուռքի արմատական տարրերն իրական հակաադրբեջանական արշավ են սկսել և կեղծ քարոզչություն են տարածում»,- ասել էր նա։
Հատկանշական է, որ Ռայանի այս և նմանատիպ այլ հայտարարությունները չեն խանգարել Ադրբեջանի իշխանություններին նրան ձերբակալելու որոշում կայացնել, նշել է ֆրանսիական հեռուստաալիքը։
Ձեռնարկատիրոջ հայրը՝ Ռիչարդ Ռայանը, ըստ TF1 հրապարակման, կարծում է, ձերբակալությունն ուղղակիորեն կապված է Փարիզի և Բաքվի միջև վերջերս լարված հարաբերությունների հետ՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի պայմաններում։ «Իմ որդին մի անգամ ինձ ասաց, որ ցանկանում են նրան որպես գրավ օգտագործել»,- հեռուստաալիքը մեջբերում է Ռայանի հոր խոսքերը:
Ֆրանսիացի գործարարի փաստաբան Նիզամի Ալիևը վստահ է, որ Ռայանը գործակալ չէ. «Նա պարզապես շփվել է համաքաղաքացիների հետ, որոնք, ինչպես նա հետագայում է իմացել, ֆրանսիական հետախուզության գործակալներ էին»: Միևնույն ժամանակ, փաստաբանն այս գործը «քաղաքական» չի համարում։ Ռայանին, նրա կարծիքով, սպառնում է 10-15 տարվա ազատազրկում, հայտնում է TF1-ը։
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հունվարի 9-ին հայտնել էր, որ 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հունվարի 10-ին Ռայանի կալանավորումը «կամայական» էր անվանել և պահանջել էր նրան անհապաղ ազատ արձակել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







