Գերիների ազատման համար տարվող աշխատանքները մեծածավալ են, և առաջիկայում հնարավորություն կունենանք միջազգային ատյանների կողմից հաստատված որոշումներով ներկայացնել, թե ուր ենք հասել, հունվարի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին:
Նա հիշեցրեց, որ գերիների հետ կապված դեկտեմբերին ուրախալի լուր ունեցանք, ու երեք տասնյակից ավելի գերիներ վերադարձան Հայաստան:
«Գերիների հետ կապված հարցն Արտաքին գործերի նախարարության հետ կապված դիվանագիտական աշխատանքն է՝ մանրամասն մեր դեսպանների միջոցով նաև միջազգային հարթակներում ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել, ովքեր են այդ մարդիկ, նրանց քաղաքական անցյալը, անցած ճանապարհը և Կարմիր խաչի միջոցով այցելությունները։ Ինչպես մամուլի հաղորդագրություններից ինքներդ եք տեղեկանում, ժամանակ առ ժամանակ կապի հաստատումը հարազատների հետ դիվանագիտական ուղիներով տարվելիք աշխատանքն է»,- ասաց Մինասյանը:
Նրա խոսքով՝ միջազգային իրավական հարցերով կառավարության ներկայացուցչությունն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում բազմաթիվ միջազգային ատյաններում, մասնավորապես՝ դատական, որտեղ միջորդություններով ու հայցապահանջներով հայ ազգի ներկայացուցիչներին փորձում է պաշտապնել և իրավունքները վերականգնել:
Անդրադառնալով գերիների թվին, ըստ Մինասյանի, պետք է հենվել այն տվյալների վրա, որը ներկայացվել է Քննչական կոմիտեի կողմից:
«Այնտեղ կարող է թյուրըմբռնում լինել, որովհետև ադրբեջանակն կողմը դրանց մի մասին ռազմագերի չի համարում, իսկ հայկական կողմն այլ մոտեցում ունի, դրա համար եկեք առաջնորդվենք այն տվյալների հիման վրա, որը ներկայացնում է Քննչական կոմիտեն»,- պարզաբանեց Մինասյանը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը 2024 թվականի հունվարի 4-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 անձ, վիրավորվել՝ 244-ը, գերեվարվել է 17 անձ, անհետ կորել՝ 20 անձ։ ՔԿ տվյալներով՝ դիակի նկատմամբ շուրջ երկու տասնյակ անարգանքի դեպքեր են եղել։ Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր կա։ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման փաստական տվյալներ կան։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






