Հայաստանի և Բոտսվանայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Լեմոգանգ Կվապեն ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ստորագրման պաշտոնական արարողության ժամանակ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել զարգացնել համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև գիտություն, կրթություն և միջազգային հարթակներ: Բոտսվանայի ԱԳ նախարարը կարևորել է երկու երկրների փոխադարձ զարգացման գործում միմյանց կողքին լինելը:
«Մեր երկու երկրներն էլ ելք չունեն դեպի ծով և երկուսն էլ փոքր պետություններ են թե՛ տնտեսությամբ, թե՛ այլ չափանիշներով։ Մենք ունենք բնակչության գրեթե նույն թվաքանակը: Կարծում եմ՝ սա մեզ տալիս է հնարավորություն դառնալ իրական գործընկերներ և ունենալ իրական գործընկերություն»,- ընդգծել է Կվապեն։
Գերատեսչությունից հայտնում են, որ հանդիպմանը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են, մասնավորապես, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթամշակութային բնագավառներում կապերի ամրապնդման հնարավորությունները՝ այս համատեքստում կարևորելով նաև հետագա իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:
Նախարարների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային հարցերը:





































