1․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար մեջքից հարված է եղել Ազգային անվտանգության ծառայության կողմից արված բացահայտումը՝ դատախազի կաշառքի գործով: Գլխավոր դատախազն այս հարցի շուրջ խոսել է մարտի 10-ին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ:
Խոսքը վերաբերում է Լևոն Կարապետյանի շուրջ բացահայտմանը: Նա, լինելով ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի իրավական ապահովման վարչության ավագ դատախազ, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում 10 տարվա ազատազրկման դատապարտված Գուրգեն Գասպարյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար դատապարտյալի մտերիմ Կարեն Թադևոսյանից 2019թ. հունիս ամսին ստացել է 1.300 դոլար կաշառք:
Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատախազը անդրադարձել է նաև այս տարվա ընթացքում բանակում ինքնասպանության դեպքերին և դատախազներին հասկացրել, որ մինչև ինքը չգնաց Արցախ, դատախազները չսկսեցին աշխատել, և հարց է բարձրաձայնել՝ ինչո՞ւ պետք է այդպես լիներ: Այս ամենը դատախազները գլուխները կախ լսել են:
2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ կորոնավիրուսը վատ է անդրադարձել նաև ԲԴԽ-ի գործունեության վրա, կարելի է ասել՝ այստեղ անգործություն է տիրում։ 2 շաբաթից ավելի է՝ քննում ու չեն կողմնորոշվում՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցե՞լ, թե՞ ոչ։
Մարտի 3-ին ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետին թերթը հարցրել է՝ վարույթ հարուցվելո՞ւ է ԲԴԽ անդամի նկատմամբ, թերթին փոխանցել էին, թե «այս պահին» քննվում է վարույթ հարուցել-չհարուցելու հարցը։ Երեկ հետաքրքրվել ենք այդ քննության ճակատագրով, փոխանցել են, որ դեռ որոշում չկա։
Ինչո՞ւ է այսքան ձգձգվում, այդքան բա՞րդ է որոշելը։ Վարչության պետը պատասխանել է, թե այլ առաջնահերթություններ կան, երկրում արտակարգ դրություն է հաստատված և այլն։ Իսկ թե կոնկրետ ինչ առաջնահերթ հարցերով է զբաղված ԲԴԽ-ն, չմանրամասնեց:
3․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ որքան մոտենում են Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահի և խորհրդարանական ընտրությունները, այնքան այնտեղ կրքերը թեժանում են: Այս օրերին անգամ այնտեղ ցույցեր են տեղի ունենում, և ոստիկանությունը քաղաքացիների էր բերման ենթարկել, որոնք փակել էին ճանապարհը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպելու նպատակով, ինչի համար էլ ընդհարում է եղել:
Եվ այս ֆոնին Արցախի ներսում համոզված են, որ նախագահական ընտրություններն առաջին փուլով չեն ավարտվելու, և արդեն երկրորդ փուլում միմյանց դեմ կպայքարեն ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանը, որի հովանավորը Արցախի հերոս Սամվել Բաբայանն է:
«Պարտադիր երկրորդ փուլ կլինի, իսկ երկրորդ փուլում կլինեն Արայիկ Հարությունյանը եւ Մասիս Մայիլյանը: Մայիլյանը արցախցի է ու ունի իր ընտրողների զանգվածը, Սամվել Բաբայանն էլ «պադերշկա» է անում, դա արդեն բավական պլյուս է», – թերթի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:
Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մայիլյանին ՀՀ-ից սատարում է նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր թիմով, որի մասին, սակայն, պաշտոնապես չի ասվում:
4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն աշխատանքը կշարունակի հերթական քառօրյայից հետո։ Հիմա քննարկում են Արցախ այցելելու և «առաջին ձեռքից» ինֆորմացիա ստանալու հարցը․ «Չի բացառվում, որ տեղում մի նիստ անենք ու հրավիրենք, Լյովա Մնացականյանին, ով ապրիլյան պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատարն էր»։
5․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ այսօր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվելու է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի փաթեթը: Այն ընդունված է անվանել որպես վեթթինգի նախագիծ, և այս ընթացքում բազմիցս բուռն քննարկման պատճառ է դարձել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, խմբակցությունները բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել՝ կապված խնդրահարույց կետերի հետ, և, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ մտահոգված էր նաև բանկային գաղտնիքին վերաբերող դրույթների շուրջ, որը ևս այս փաթեթի բաղկացուցիչ մասն է կազմում:
Եվ ուշագրավ է, որ «Իմ քայլը» խմբակցությունը 68 էջից բաղկացած առաջարկություններ է ներկայացրել նախագծի վերաբերյալ, և նախագծի վերջնական տեսքում էական փոփոխություններ են կատարվել: Կարելի է ասել՝ իշխող խմբակցությունը հիմնովին փոխել է կառավարության ներկայացրած նախագիծը:
6․ «Փաստ» օրաթերթը գրում է, որ վերջին օրերին «Փաստին» դիմում են քաղաքացիներ՝ դժգոհելով, որ պոլիկլինիկաներում հիվանդանոցների ուղեգրեր չեն տալիս, եթե նույնիսկ ցուցված է։ Խոսքը կորոնավիրուսի կասկածի մասին չէ, այլ ընթացիկ ուղեգրումների։
Տեղեկություն ենք ստացել, որ պոլիկլինիկաների ղեկավարներն այս առումով ներքին կարգադրություն են տվել բժիշկներին։ Հարցի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար թերթը դիմել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին, որը նաև պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատուն է:
Թերթի հետ զրույցում նա բացառել է, որ նման բան կարող է տեղի ունենալ, որովհետև պոլիկլինիկաների և հիվանդանոցների աշխատանքները կորոնավիրուսով չեն սկսվում և ավարտվում, նրանք շարունակում են իրենց բնականոն գործունեությունը: Նա կոչ է արել քաղաքացիներին բողոքներ ունենալու դեպքում դիմել առողջապահության նախարարություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






