ՌԴ-ի հետ հարաբերություններն իր բնականոն հուն վերադարձնելու և ՌԴ-ի որոշումները ռազմավարական-դաշնակցային որոշումների շրջանակ բերելու հնարավորությունը չի սպառվել, Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ դա չի կարող տեղի ունենալ այս իշխանության պայմաններում, որովհետև ո´չ ցանկություն ունեն, ո´չ կամք:
Աբրահամյանն ընդգծել է, որ խնդիրը Ռուսաստանի հետ տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ ունենալը չէ, այլ այն, որ «հայաստանյան իշխանությունն անընդհատ սրում է, տանում բախումների և փորձում այնպիսի կետի հասցնել, որից այն կողմ նախկին հարաբերություններին վերադառնալն այլևս անհնար կլինի»:
Պատգամավորը ևս հարցեր ունի այս կամ այն իրավիճակում ՌԴ-ի գործելու/չգործելու վերաբերյալ, սակայն, ըստ նրա, ցանկացած հայտարարություն անելիս կամ որոշում կայացնելիս պետք է հիշել, որ ՌԴ-ն այս տարածաշրջանի գլխավոր դերակատարն է և նրա հետ հարաբերությունները թաղելն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ:
Ավելի վաղ Տիգրան Աբրահամյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններն ուղիղ համեմատական են Ռուսաստանի հետ հարաբերություններին։
Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ ՀՀ վարչապետը չի մասնակցի նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Բելառուսի նախագահը ՀՀ վարչապետին խորհուրդ էր տվել «հապճեպ որոշումներ չընդունել»։ ՀԱՊԿ խորհրդի նիստերին չմասնակցելու մասին հայտնել էին նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էր, որ այս մասին նախարարը հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







