Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:32

Հայաստանը մեկ մարդու թատրոն է․ Միքայել Մինասյան

Հայաստանը մեկ մարդու թատրոն է․ Միքայել Մինասյան

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում Հայաստանը անվանել է մեկ մարդու թատրոն, միաժամանակ նրա պատանդն ու խաղալիքը:

Մարդ-նվագախումբ
Իր գրառման մեջ Մինասյանը նշում է, որ Հայաստանի համար այս բարդ ժամանակաշրջանում անընդհատ և ամեն ինչի մասին միայն մեկ մարդ է խոսում՝ նկատի ունենալով երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Կարևոր չէ, թե ինչից. համաշխարհային ճգնաժամից, կորոնավիրուսից, ինքնամեկուսացումից, ապագայից, անցյալից, դատաիրավական բարեփոխումներից․․․»։

Մարդ, ով մշտապես օնլայն է
Մինասյանը հիշեցնում է մշտական ուղիղ եթերների, հարցազրույցների, վարչապետի ելույթների մասին՝ ինչպես կառավարության նիստում, այնպես էլ խորհրդարանի ամբիոնից։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, Միքայել Մինասյանի կարծիքով, պետք է խնդիրների ծանր բեռի տակ աշխատեր 24/7 ռեժիմով:

«Ուրիշ որևէ մեկը հիմա լիներ նրա փոխարեն, կուտակված խնդիրներից և պատասխանատվությունից քունը կորցրել էր, կաբինետից դուրս չէր եկել, օպերատիվ շտաբը դարձրել էր 24-ժամյա։ Իսկ գործող վարչապետի մոտ դատարկախոսության տարափ է. խոսում է պատեհ, անպատեհ, գրում է ամեն ինչի մասին, երբեմն այնքան է շտապում, որ ինքն իրեն խմբագրում է, սոցցանցերում կիսվում է իրեն գովերգող կեղծ օգտատիրոջ գրառմամբ, հետո ջնջում է, կիսվում է միջազգային մամուլում պատվիրված գովազդ-հոդվածով կամ անհայտ ծագման վիդեոբովանդակությամբ»։

Մարդ, ով իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ է խոսում

Ընդ որում, ըստ Մինասյանի, վարչապետը «իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ է ասում, ինչպես, որտեղ և երբ։ Կորոնավիրուսի մասին սկզբում կատակում էր, հետո պնդում, որ հոնի օղիով կարելի է բուժել, հետո հայտարարում, թե երանի վարակվեր, որ երկրորդ անգամ չհիվանդանար, ու չի էլ մտածում, որ օղին չի՛ բուժում, վարակը կարող է կրկնվել, իսկ նժարին դրված են մարդկային կյանքեր»։

Եվ դա հանգեցնում է նրան, որ պետական գործչի խոսքերն ունկնդրի համար հավասարեցվում են տեղեկատվական աղմուկին, պնդում է Մինասյանը։ «Պետական գործչի ու երկրի առաջնորդի խոսքը նա դարձրել է ֆոնային ռադիո, երբ այն միշտ կա ու կարելի է մի քիչ բարձրացնել, երբ պարապ ես և անջատել կամ ցածրացնել, երբ գործ ունես»։

Մինասյանը օրինակ է բերում Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը և մեղադրում վարչապետին, որ նա աղետը կանխելու փոխարեն խոսում է համաշխարհային տնտեսական հեղափոխության մասին։ Նախկին դեսպանի խոսքով՝ համաճարակի հնարավոր հետևանքները մեղմելու փոխարեն Փաշինյանը արտակարգ դրությունը օգտագործում է ոչ թե վարակի տարածումը կանխելու, այլ «ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողության համար, քանի որ բացի մամուլից, առայժմ ոչ ոք չի զգում, որ երկրում իսկապես արտակարգ դրություն է»:

Իր սխալների համար պատասխանատվություն կրելու անկարող իշխանությունն արժանի չէ իր ժողովրդին

«Ոմանք պնդում են, որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։ Ես համաձայն չեմ»,- պնդում է Մինասյանը և հավելում, որ նման պատիժը (ի դեմս վարչապետի — խմբ.) անհամաչափ է ժողովրդի մեղքերի հետ։
Մինասյանը պնդում է, որ գործող վարչապետն ի վիճակի չէ պատասխանատվություն ստանձնել երկրի համար այս լուրջ պահին, և դրա հաստատումն է Էջմիածնից կորոնավիրուսով վարակված կնոջ պատմությունը (վարակել է 99 հիվանդ — խմբ.)։
Մինասյանը պնդում է, որ Փաշինյանն իր յուրաքանչյուր նոր սխալի դեպքում նոր մեղավորներ է գտնելու  պատասխանատվությունից խուսափելու համար։

Եկել է պատասխանատվության եւ համախմբման ժամանակը, քանի դեռ չի սպառվել ժողովրդի համբերությունը

Ըստ նրա՝ «Երկիր-ՀԺ»-ն պարտավոր է առերեսվել իրականությանը՝ դառնալով Հայաստանի Հանրապետություն, ու այլևս հնարավոր չի լինի աղետը հետաձգել, կամ դնել հանրաքվեի կամ դրանում մեղադրել ուրիշներին։

«Կպարզվի, որ երկիրը կարիք ունի ոչ թե գլխավոր խմբագրի, այլ պատասխանատու ղեկավարի, որովհետև պետության և մարդկային համբերության ռեսուրսները սպառվում են»։

Մինասյանի  խոսքով՝ համաշխարհային փորձը հուշում է, որ աղետների ժամանակ առավելագույն արդյունքի են հասնում լայն կոնսոլիդացիա ունեցող հասարակությունները, որտեղ գոյություն ունի վստահություն ինստիտուտների և պետության հանդեպ։

Եվ հիմա, ըստ Մինասյանի, դեռ չի կորցրել լրջանալու, ցավոտ և օպերատիվ որոշումներ կայացնելու, բոլոր մասնագետներին միավորելու, ոչ կոմպետենտ կադրերից ազատվելու և ներառական հասարակություն, իշխանություն և պետություն ձևավորելու հնարավորությունը։ Միայն այդ դեպքում որոշումների պատասխանատվությունը կկիսեն բոլորը, իսկ հետևանքները կվերացվեն համատեղ, գրում է Մինասյանը։

«Եթե այսպես շարունակվի, ապա երկրի վարչապետը չի կարողանալու խուսափել իր անգործության հետևանքներից, և պատասխան է տալու ամեն ինչի՝ բանակը կազմաքանդելուց մինչև կորոնավիրուսի վարակը համապետական աղետ դարձնելու համար։ Նա դատվելու է այս երկրի, երկնքի ու պատմության դատարաններում»,-նշում է նախկին դեսպանը։

Վերջում Մինասյանը պնդում է, որ վարչապետի նման պահվածքի պատճառը անկարողությունը և իշխանությունը կորցնելու ներքին սարսափն է։ Հենց դա է սեփական անձով ամեն ինչ ծածկելու ու լցնելու պատճառը։ Հետևաբար, որքան շատ է խոսում, այնքան ավելի մոտ է ավարտը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+