Կրեմլը ցավում է, որ Հայաստանը բարձր մակարդակով չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին և հուսով է, որ Երևանը կշարունակի աշխատանքը կազմակերպության շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «РИА Новости»-ին:
«Կարող ենք ափսոսանք հայտնել, որ Հայաստանը վաղը բարձր մակարդակով չի մասնակցի այս գագաթնաժողովին, հուսով ենք, որ կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակով մասնակցություն, բայց, իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակներում»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ ԶԼՄները հայտնել էին, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:
Նոյեմբերի 21—ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մինսկի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին՝ նշելով, որ այդ մասին ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում։
Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցում ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի մասնակցի նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստին։ Բելառուսի նախագահը ՀՀ վարչապետին խորհուրդ էր տվել «հապճեպ որոշումներ չընդունել»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







