1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ անցած տարի հիմնադրված ավանդույթով, իշխանությունը 2020 թվականի բյուջեով ամրագրել է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները աշխատավարձից բացի ամսական ամենաքիչը 30 տոկոսի չափով էլ պարգևավճարներ են ստանալու:
Նշվում է, որ ապրիլ ամսվա պարգևավճարները որոշել են փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված ֆոնդին: Դա արվում է հանրային դժգոհությունը մեղմելու համար։
2․ «Փաստ» թերթի տեղեկություններով, աշխարհում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ սահմանափակվելու է միջազգային բանկային կոորպորացիաների և սիստեմաների կողմից պետություններին տրվող վարկային միջոցների հոսքը։ Առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում հետխորհրդային տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների համար նախատեսված վարկային միջոցները ժամանակավորապես կկասեցվեն։
Խոսքը վերաբերում է տվյալ երկրների և Ասիական, ՎԶԵԲ-ի ու Համաշխարհային բանկի հետ նախատեսված վարկային համաձայնագրերին։ Ըստ տեղեկությունների, դրանց շուրջ որոշակիություն կլինի ոչ շուտ, քան ամռան երկրորդ, երրորդ ամիսներին։
3․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը որոշել է զբաղվել Հայաստան ներդրումներ բերելու եւ այն խթանելու գործով:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է ստեղծել ներդրումների խթանման հարցերով աշխատանքային խումբ, և այն ղեկավարելու է հենց իրավաբան-պատգամավորը:
4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ չի բացառվում, որ Երևանի ավագանու այսօրվա նիստին անակնկալներ լինեն: Ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը չի մասնակցի նիստին։
«Եվ դա կլինի ավագանու պատմության մեջ առաջին դեպքը, որ ես չեմ մասնակցում նիստին․ արտակարգ իրավիճակի մասին օրենքն ասում է, որ ՏԻՄ-երի լիազորությունները ևս ժամանակավորապես սահմանափակվում կամ կասեցվում են, ու ինչպես վարչապետն է կոչ անում` ինքնամեկուսանալ, 100 հոգանոց այս նիստին ոչ մեկը չի կարող ապահովագրված լինել, ուստի չեմ գնա»,- թերթի հետ զրույցում նշել է Խաչատրյանը՝ հավելելով, որ իմքայլականները կգնան, քանի որ ունեն կատարողականի քննարկում:
Ինչ վերաբերում է Մարությանի հրաժարականին, նա նշեց, որ նիստը 3 անգամ պետք է քվորում չունենա, որպեսզի հրաժարական լինի:
5․ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է, որ հանքարդյունաբերությունը դեռ առաջատար դիրքեր է գրավում Հայաստանում: Զարգացող երկրի համար այդ ռեսուրսների օգտագործումը կարևոր է՝ սակայն միայն նոր տեխնոլոգիաների և բնապահպանական նորմերի առաջնային պահպանությամբ: Դրանցից բացի անհրաժեշտ է, որ ապահովվի պղնձի արտադրության վերջնական ցիկլը, որի արդյունքում Հայաստանը հումք արտահանող երկրից կվերածվի արժեքավոր վերջնարտադրանք արտահանող երկրի՝ իր բոլոր տնտեսական դրական հետևանքներով: Հայաստանում ներկայում կա 21 պոչամբար, որոնք զբաղեցնում են 700 հեկտար տարածք և ունեն մի քանի մլն խմ վնասակար պարունակություններ: Այս խնդիրներից շատերի պատճառն առկա իրավական բացերն են: Նման բացերի լրացմանն է ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած նոր օրենսդրական փաթեթը:
6․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ մարտի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սերգեյ Մեղրյանը նշանակվեց գլխավոր հարկադիր կատարող: Սակայն պարզվում է՝ մինչև 2020 թվականի փետրվարը վերջինս չէր կարող նման պաշտոն զբաղեցնել: Ինչպես հայտնի է, Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է և այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն օրենքի փոփոխության շնորհիվ: Խնդիրն այն է, որ մինչև այս տարվա փետրվարը գլխավոր հարկադիր կարող էր նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:
Սակայն 2019 թվականին Արդարադատության նախարարությունը հարկադիր կատարման ծառայության ոլորտում առաջարկեց փոփոխություն անել և հանել գնդապետից ոչ ցածր կոչումի պարտադիր լինելը: Այժմ կարող է զբաղեցնել այն անձը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ հարկադիր կատարման գլխավոր խմբի պաշտոն, կամ ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ, որից երկու տարին առնվազն՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ ութ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: Եվ արձանագրենք, որ Մեղրյանը չունի գնդապետի կոչում և միայն այս փոփոխության շնորհիվ կարողացավ դառնալ գլխավոր հարկադիր:
7․ «Ժողովուրդ» օրաթերթին Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված նոր բացահայտումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԱԾ-ն հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ազգականների հետ համատեղ, ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի հիմնադիրներին նյութական օգուտ տալու համար մաքսային տեսուչին ցուցում է տվել անտեսել «կարմիր ուղի» ընթացակարգով ՀՀ ներկրված հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը:
ԱԱԾ-ն չէր գաղտնազերծել, թե ով է առանցքային վարչության պետը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյանն է, որը հանրությանը առավել հայտնի դարձավ 2014 թվականին 1 տոննա հերոինի պատմությունով։
Նշենք, որ 2014թ. հունվարի 17-ին հայտնաբերվել էր մոտ 1 տոննա հերոին, իսկ բացահայտումը արել է ներկայումս ԱԱԾ-ի տեսադաշտում հայտնված ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողյանը, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






