«Մերժվածների թերթոններից մեկը գրել ու այնուհետև սկսել են տիրաժավորել մի վերնագրով հոդված, որից կարելի է ենթադրել, որ ես 205 հազար դոլար բոնուս եմ ստացել։ Իրականում այդ գումարն ԱԽ գրասենյակի 37 աշխատողները ստացել են 22 ամսվա ընթացքում»։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով մամուլում տարածվող հրապարակումներին, թե վերջինս ստացել է 205 հազար դոլար բոնուս։
«Հարգելի քաղաքացիներ, իհարկե, կորոնավիրուսի դեմ պայքարի փուլում նման թեմաներով ձեր ուշադրությունը շեղելը տեղին չէ, բայց կարևոր մի թեմայի եմ ուզում անդրադառնալ։ Քանի որ նախկինների թերթոնները չեն կարող կեղծ լուրեր գրել կորոնավիրուսի մասին, հիմա էլ անցել են կեղտոտ հնարքների ու անհատական թիրախավորմանը»,- գրել է Գրիգորյանը։
Ըստ ԱԽ քարտուղարի՝ իր աշխատավարձը պաշտոնը ստանձնելու պահից կազմել է մաքուր 730 հազար դրամին մոտ գումար, հավելավճարները՝ 280 հազարին մոտ գումար։
«Ավելին ես հրաժարվել եմ բոնուսներից։ Այսքանից հետո նման կեղտոտ վերնագրերով հոդվածներ հրապարակելը համաճարակի դեմ պայքարի փուլում միայն կարող են հոգով տկարները»,- գրել է Գրիգորյանը։
«Իմ ֆինանսական և գույքային դրության մանրամասներին ու դրանց հետ կատարվող փոփոխություններին կարող եք ծանոթանալ նաև նախկինում էթիկայի, այժմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերից։ Սիրելի քաղաքացիներ, պինդ եղեք, սոցիալական հեռավորություն պահեք, միմյանց ուժ տվեք և օգնեք, որ միասնական ուժերով հաղթահարենք այս փուլը»,- ասված է Արմեն Գրիգորյանի գրառման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






