ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է, որ ԼՂ հայ բնակչությունն ուժի կիրառման հետևանքով է տեղահանվել և որ Ադրբեջանն այս քայլին գնացել է ՌԴ մեղսակցությամբ և Թուրքիայի աջակցությամբ ու սատարմամբ, փոխանցում է ՀՀ ԱԺ կայքը։
Այս մասին դեսպանը խոսել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի, պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Լիլիթ Ստեփանյանի հետ հանդիպմանը։
Դեսպանը վերահաստատել է բարեկամ երկրի տեսակետը և շեշտել, որ Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին էր ինչպես ԼՂ շրջափակման 9 ամիսներին, այնպես էլ դրանից հետո:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանն ու բռնի տեղահանությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին ու հայ բնակչության բռնի տեղահանությանը՝ նշվել է, որ դա տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտում, և տեղի ունեցածը եռակողմ պայմանագրի չկատարման հետևանք է:
Այս համատեքստում հայ խորհրդարանականները կարևորել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը: Հանդիպման մասնակիցները բարձրացրել են ԼՂ-ից տեղահանված հայ բնակչությանը երկարաժամկետ աջակցություն տրամադրելու հարցն ու շեշտել, որ այդ հարցում ՀՀ-ն միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի:
Հանձնաժողովի փոխնախագահը երախտագիտություն է հայտնել ֆրանսիական կողմին Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին շարունակաբար աջակցելու և սատարելու համար: «Մեր երկու երկրներն ունեն երկարամյա բազմաբևեռ ամուր և առանձնահատուկ հարաբերություններ: Դրա վառ ապացույցն է օրեր առաջ հակաօդային պաշտպանության ոլորտում ֆրանսիական սպառազինությունների մատակարարման մասին մտադրությունների նամակի ստորագրումը»,- ասել է Ռուստամ Բաքոյանը:
Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հյուրերին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու խնդրել այն իրականացնելու հարցում միջազգային գործընկերների աջակցությունը: Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանն էլ ներկաների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սեպտեմբերի 19-ից հետո անհրաժեշտություն է առաջացել ապահովել ԼՂ հայության վերադարձն ու անվտանգությունը: Նա կոչ է արել, որ միջազգային գործընկերները հասցեական կոչեր հնչեցնեն:
Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին, ԼՂ-ից բռնի տեղահանվածների ինտեգրմանը և ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող հարցեր:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։ Համաձայն ՀՀ ՔԿ վերջին տվյալների՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






