Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանների անխախտելիությանը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
«Երկու շաբաթ առաջ բանաձև ընդունեցինք քվեարկությամբ, որով քննադատեցինք ԼՂ-ի վրա հարձակումը։ Այժմ պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք ազնիվ և արդար խաղաղության բանակցությունների վերսկսման վրա։ Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքները և անվտանգությունը ԼՂ-ում»,- նշել է Մեցոլան։
Նա ընդգծել է, որ հավատարիմ են մնում Հայաստան-Ադրբեջան խաղաղության աջակցման բոլոր առաջարկություններին։ ԵՄ-ն կշարունակի աջակցել այս հարցում։ Մեցոլայի խոսքով՝ արևելյան հարևանության շրջանակներում Հայաստանը կարևորագույն գործընկեր է իրենց համար։ Նա նաև բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունն ու Հայաստանի ժողովրդավարամետ ուղին։
«Պետք է սկսել բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրների վերաբերյալ` նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր, որպեսզի տևական խաղաղություն հաստատվի տարածաշրջանում»,- նշել է նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա իրադարձությունը կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար և վկայում է այդ հարաբերությունների բարձր դինամիկայի մասին։
«Կարևոր է ընգծել, որ մեր հարաբերությունները հենվում են ընդհանուր արժեքային համակարգի վրա, և ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարական ընտրություն է և ոչ թե հանգամանքներով թելադրված պատեհություն: Մենք ցանկանում են խորացնել մեր հարաբերությունները ԵՄ հետ և չենք ուզում դա որևէ կերպ հակադրել մեր տարածաշրջանային հարաբերությունների խորացման, զարգացման տեսլականի հետ և այս առումով, կարծում եմ, հենման կետերը քիչ չեն»,- նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն հանձնառու է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացմանը։ Փաշինյանը նշել է, որ ԵՄ-ՀՀ հարաբերություններում ավելացել է անվտանգային բաղադրիչ՝ ի դեմս ԵՄ քաղաքացիական առաքելության, որը մոնիթորինգ է անցկացնում Ադրբեջանի հետ Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






