ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հետաձգել է Սիրիա, Լիբանան և Կիպրոս նախատեսված այցերը՝ նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակով: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Մխիթար Հայրապետյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ ս.թ. ապրիլի 12-21-ը Սիրիա և Լիբանան, ինչպես նաև ապրիլի վերջին Կիպրոս նախատեսվելիք այցերս հասկանալի պատճառներով կհետաձգվեն»,- գրել է Հայրապետյանը։
Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ ավելի վաղ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ որոշել էին այցելել Սիրիա և Լիբանան՝ տեղի հայ համայնքների ճգնաժամային վիճակին տեղում ծանոթանալու, ինչպես նաև Սուրբ Հարության տոնը հայկական սփյուռքի մայր գաղութում նշելու համար։
«Ինչ վերաբերում է մեր մյուս բարեկամ երկրին՝ Կիպրոսին, ապա Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի՝ հայկական պատվիրակության հետ մի շարք կարևոր հանդիպումներ էինք նախատեսում ունենալ: Բացի այդ, Նիկոսիայում պետք է մասնակցեինք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որտեղ ես, որպես միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ելույթով էի հանդես գալու»,- գրել է Հայրապետյանը։
ԱԺ պատգամավորը վստահեցրել է, որ մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելուց հետո անպայման կհանդիպեն:
«Պի՛նդ եղեք, մինչ նոր հանդիպում», — ասվում է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






