Պարետատունը զանգվածային լրատվության միջոցների կողմից արտակարգ դրության ռեժիմի խախտման դեպքեր է արձանագրել: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:
Վահե Դանիելյանը հայտնել է, որ ահազանգեր հիմնականում ստացվել են ԶԼՄ-ների կողմից առանձին հրապարակումների վերաբերյալ:
«Քիչ առաջ հանդիպում ունեցա ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Մենք քննարկում էինք առկա սահմանափակումները: Որոշակի թյուրընկալում կա, թե որ տեսակի տեղեկատվությունն իրավունք ունեն հրապարակելու, որ տեսակի՝ իրավունք չունեն: Որոշ դեպքեր արձանագրվել են, մեր քննարկումների արդյունքում դրանք կնվազեն, քանի որ ակնհայտ է, որ խուճապ չառաջացնելու համար կարևոր է հետևել պաշտոնական տեղեկատվությանը, որը պարբերաբար տարածվելու է մեր կողմից»,- ասաց Դանիելյանը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում է ընդունել՝ Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքով պայմանավորված։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






