Ռուսաստանը չի ապահովել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղությունն ու անվտանգությունը, Euronews-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպական Խորհրդի ղեկավարը Շառլ Միշելը՝ միևնույն ժամանակ հայտարարելով Բրյուսելի և Բաքվի «բարդ» հարաբերությունների մասին։
«Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա լինեն այնտեղ և երաշխավորեն կայունության ու անվտանգության մասին համաձայնագրերը»,-ասել է Միշելը։
Շառլ Միշելն ասել է, որ Եվրամիության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև Գրանադայում շաբաթվա վերջին կայանալիք հանդիպմանը մտադիր է միջնորդություն առաջարկել։
Դիտարկմանը՝ հունվարի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ և հարցին՝ ինչպե՞ս կարելի է վստահություն ստեղծել այս պայմաններում, նա նշել է․ «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը մեծ պատասխանատվություն է կրում այն պահից, երբ սկսեց ռազմական գործողությունը։ Այժմ Ադրբեջանը պետք է բարի կամք դրսևորի, միջազգային հանրությանը ներգրավի իրավիճակի դիտարկման մեջ, որպեսզի պաշտպանվեն Ադրբեջանում բնակվող ամողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»:
Նա նշել է, որ Բրյուսելի հարաբերությունները Բաքվի հետ շարունակում են բարդ, բայց հեռանկարային մնալ։
«Բաքուն այսօր գործընկեր է։ Սա նշանակո՞ւմ է, որ հարաբերությունները պարզ են: Ոչ, հարաբերությունները պարզ չեն: Դա նշանակո՞ւմ է, որ այս հարաբերություններում դժվարություններ կան: Այո, իրականությունը դժվար է, և դա պետք է հասկանալ»,-ասել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






