Երևանի և Բաքվի կողմից խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական, Ria.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն, անշուշտ, արդիական է։ Բացի այդ, տրանսպորտային հաղորդակցության, տարածաշրջանում լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան։ Սա չափազանց կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար։ Մենք հույս ունենք, որ այդ աշխատանքը կշարունակվի»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե, ըստ Կրեմլի, հնարավո՞ր է ԼՂ Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությունից հետո վերջակետ դնել Բաքվի և Երևանի հակամարտությանը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգման հնարավորությունը կքննարկվի Ադրբեջանի հետ: Նա հստակեցրել է, որ այժմ «խոսքն առաքելության մասին է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում, ուստի՝ այն կքննարկվի Բաքվի հետ»:
Սեպտեմբերի 25-ին Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան կտրականապես համաձայն չէ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը Ռուսաստանի և ռուս խաղաղապահների վրա բարդելու փորձի հետ: Նա հայտարարել էր, որ ոչ ոք չի կարող հանդիմանել խաղաղապահներին այն ահրցում, թե նրանք ինչ-որ սխալ բան են անում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







