Կառավարությունը 360 մլն դրամ հատկացրեց մարզպետների աշխատակազմերին` ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով: Որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում։
Ինչպես նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերին կհատկացվի 50-ական միլիոն դրամ, իսկ մյուս մարզերին՝ 30-ական։
«Այս տարբերությունը զուտ նրահամար է, որ ըստ աշխարհագրության՝ այդ մարզերում մեր հայրենակիցներն ավելի շատ են տեղաբաշխված»,- ասաց նա՝ նշելով, որ ըստ անհրաժեշտության գումարները կավելացվեն ու կվերաբաշխվեն։ Նա նաև նշեց, որ գումանրնեը կհատկացվեն ամենատարբեր կարիքների, դա կարող է լինել պարենից մինչև տրանսպորտային միջոցի ծախս, որը մարզպետարանն ինքը պետք է սեփական հայեցողությամբ հատկացնի։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին:
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






