ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը միշտ ուշադիր է եղել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հարցում։ Նա հավելել է, որ Մոսկվան երբեք չի եղել Երևանի հետ հարաբերությունների սրման նախաձեռնողը, «նա միշտ արել է առավելագույնը՝ ամենադժվար իրավիճակներում Հայաստանի ժողովրդին աջակցելու համար»
Զախարովան վստահեցրել է, որ դա կշարունակվի։ «Մենք ելնում ենք նրանից, որ երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները կշարունակեն իրականացվել՝ ելնելով երկու երկրների ժողովուրդների շահերից»,- ասել է ռուս դիվանագետը։
Զախարովայի խոսքով՝ Մոսկվայի և Երևանի միջև տարբեր մակարդակներով շփումները շարունակվում են։ «Մենք ակնկալում ենք, որ մեր ազդանշանները կլսեն և պատշաճ կերպով կընդունվեն Հայաստանում»,- եզրափակել է նա։
Մարիա Զախարովան ռուս խաղաղապահներին անվանել է «տարածաշրջանը կայունացնող հիմնական մեխանիզմ» Նրա խոսքով՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ ծանր։
«Խաղաղապահներն ակտիվորեն մասնակցել են սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստում բռնկված հրդեհը մարելու և տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում»,- նշել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է նաև, որ ՌԽԱ ուղղաթիռներով Հայաստան են տարհանվել 120 ծանր վիրավոր ղարաբաղցիներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






