ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն արձագանքել է երեկ՝ սեպտեմբերի 13-ին ԱԺ-Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին՝ կապված Ալմա-Աթայի հռչակագրի հետ, որի համատեքստում նա անդրադարձել էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։
Զուրաբյանը հիշեցրել է հատկապես Փաշինյանի այն հայտարարությունը, թե «թերթերից մեկում տված մի հարցազրույցում Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իր համար ընդունելի է Արցախի ինքնավարության կարգավիճակը, դրանով, իբր, հաստատելով Ալմա-Աթայի հռչակագիրը՝ որպես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիմք»։
Զուրաբյանը, ի թիվս այլ փաստերի, շեշտել է նաև, որ Հայաստանը չի վավերացրել Ալմա-Աթայի հռչակագիրը՝ բավարարվելով Մինսկյան հռչակագրի ստորագրությամբ և վավերացմամբ ստեղծված իրավական հիմքերով և պարտավորություններով։
«Տեր-Պետրոսյանը երբեք չի ընդունել Ադրբեջանի ամբողջականության ճանաչումը որպես ղարաբաղյան հակամարտության հիմք՝ հետևողականորեն վետո կիրառելով ԵԱՀԿ֊ի որևէ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս հիշատակելու փորձերի դեմ և մերժելով նման լուծում առաջարկող որևէ տարբերակ։ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռուսական թերթին 1992 թվականի մարտին Տեր֊Պետրոսյանն ասել էր, որ իր կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի լիակատար ինքնավարությունը կարող է «ընդունելի լինել և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի համար»,- գրել է նա։
Սեպտեմբերի 14-ին՝ ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցրել էր՝ ե՞րբ Ալմա-Աթայի հռչակագիրը դարձավ արցախյան հակամարտության կարգավորման հիմք և ո՞վ է դրա նախաձեռնողը։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը մեջբերել էր Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանը 1991 թվականի դեկտեմբերին ունեցած հարցազրույցներից մեկում, որտեղ, ըստ Փաշինյանի, առաջին նախագահն ասել է՝ «ինքնավարությունների կարգավիճակն այսօր այնպիսին է, որ, կարծում եմ, լիովին կբավարարեր ԼՂ բնակչությանը, ավելին մենք չենք էլ ցանկանում»։






































