ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը, որի շրջանակներում Ազգային մասնագիտական դասակարգման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիան հույս է հայտնել, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմարդյունաբերության ոլորտի համագործակցությունը կզարգանա։
Նշվում է, որ հանդիպումն անցել է ակտիվ քննարկման, հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում նախանշվել են երկու երկրների միջև ռազմարդյունաբերության ոլորտի գործակցության հնարավորությունները։
Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ նախարարության ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացումն է՝ տեխնոլոգիական ժամանակակից մշակումների հիման վրա։
Ազգային ռազմական կրթարանի բազմազգ պատվիրակությունը խոսել է կարողությունների զարգացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կարևորության մասին։ Ընդունելության շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի արտադրանքի ու մշակումների ցուցադրություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ այցելած Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






