«Հրապարակ» օրաթերթը պարզել է, թե Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի համար որքան գումար է ծախսելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
«ՔՊ-ն, մեր տեղեկություններով, 800 հազար դոլարի նախընտրական տեսահոլովակներ է պատվիրել միայն «Շարմ» ընկերությանը: Հիմնական շեշտը դրվելու է երևանյան երգերի, թանկ հոլովակների վրա»,-գրել է թերթը։
Օգոստոսի 23-ին մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը։ Ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։
ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 կուսակցություններին։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն են՝ «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Ժողովրդավարական Համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Արդար Հայաստան» կուսակցություն։
Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







