Շինծու, կարված, ակնհայտ ընդգծված քաղաքական բաղադրիչներով․ Երևանի Հակակոռուպցիոն դատարանի դիմաց իրականացվող հավաքի շրջանակներում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Արմենի Աշոտյանի գործի մասին։
«Արմենի գործը՝ շինծու, կարված, ակնհայտ ընդգծված քաղաքական բաղադրիչներով, որևէ ապագա, բնականաբար, չի կարող ունենալ։ Որքան էլ այս իշխանությունը ջանքեր է գործադրում, որպեսզի Արմենի խոսքը հանրությանը, իր պահանջատերերին չհասնի, բնականաբր, նրա (իշխանությունների) մոտ որևէ բան չի ստացվում»,- ասել է Աբրահամյանը։
Հունիսի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է նախկին իշխող կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման պատճառների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հունիսի 16-ին Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է։
Նշենք, որ դեռ 2022 թվականի նոյեմբերին Աշոտյանին արդեն մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար՝ Երևանի պետական բժշկական համալսարանի համար անշարժ գույք ձեռք բերելու գործով, որում նախկինում մեղադրանք էր առաջադրվել նաև ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միխայիլ Նարիմանյանին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







