«Ժողովուրդ» օրաթերթ տեղեկացել է, թե ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը սեպտեմբերին ինչպես է պատրաստվում քվեարկել աղմկահարույց օրինագծերին։ Խոսքն այն օրինագծերի մասին է, որոնք սեպտեմբերին կմտնեն խորհրդարանի օրակարգ։
ԱԺ նոր նստաշրջանում քննարկվելու է Հռոմի ստատուտը, որը դեռ կառավարությունում է, երկրորդը «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծն է, որը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ է նախատեսում: ՔՊ-ն որոշել է, թե ինչպես է քվերակելու աղմկահարույց նախագծերին
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում որոշել են դեմ քվեարկել «ՀայաՔվեի»նախագծին: Թերթի աղբյուրները հայտնել են, որ, ՔՊ-ականները, սակայն, դեռ չգիտեն՝ ինչպես վարվել Հռոմի ստատուտին առնչվող նախագծի հետ։ Խնդիրը, ըստ թերթի աղբյուրի, Ռուսաստանի հետ լարված հարաբերություններն էլ ավելի չլարելու մեջ է։
Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Հռոմի կանոնադրությունը ճանաչեց որպես հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, ինչը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի ՄՔԴ-ի իրավասությունը։ Հայաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 1998 թվականի հուլիսին, սակայն չի վավերացրել այն, քանի որ 2004 թվականին Սահմանադրական դատարանը պայմանագրի պարտավորությունները ճանաչել է որպես երկրի Սահմանադրությանը հակասող։
Մարտի 27-ին ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը ՏԱՍՍ-ին և ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Մոսկվան «բացարձակապես անընդունելի» է համարում ՄՔԴ Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի ծրագրերը Ռուսաստանի ղեկավարության դեմ տրված օրդերների ֆոնին: Հաագայի Միջազգային քրեական դատարանի պալատը մարտի 17-ին ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային։
«Հայաքվե» նախաձեռնությունը, որը ստորագրություններ է հավաքում Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծն ԱԺ ներկայացնելու համար, վերջին տվյալներով առաջին փուլում ավելի քան 58 հազար ստորագրություն է հավաքել։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







