«Հայաքվե» նախաձեռնությանն արդեն միացել է ավելի քան 58 000 մարդ, հայտնեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը եզրափակիչ մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ սա մեծ հաղթանակ է՝ ի հեճուկս թշնամու գործադրած ահռելի ճնշման, ներքին կամակատարների գործադրած քարոզչությանը և վախի մթնոլորտ ստեղծելուն:
«Սոցիալական հարցումները ցույց են տվել, որ մեր քաղաքացիների առնվազն 53 տոկոսը իրենց պատրաստակամությունն է հայտնում միանալ «Հայաքվե»-ին: Եվ այն 47 տոկոսը, որը դեռևս չկողմնորոշված է կամ դեմ, նրա զգալի մասն էլ համոզված է, որ պետք է էլ ավելի արմատական միջոցների գնալ, զենքով պայքարել թշնամու դեմ»,- ասաց նա:
Չալաբյանի խոսքով՝ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում «Հայաքվե»-ն կնվազեցնի քարոզչական ակտիվությունը և կմշակի հավաքված ստորագրությունները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար։ Այնուհետև կվերսկսվի քարոզարշավը՝ համախոհների թիվն ընդլայնելու համար, ինչպես նաև կներկայացնի գործողությունների ծրագիր, որը կամրապնդի վստահությունն իրենց նկատմամբ:
Ինչ վերաբերում է ընթացակարգին, ապա ըստ Չալաբյանի՝ մոտավորապես 2 շաբաթ հետո ստորագրահավաքի արդյունքները կներկայացնեն ԿԸՀ: «ԿԸՀ-ն ունի մինչև մեկ ամիս, որպեսզի վավերացնի ստորագրությունները և դրանից հետո օրենքի նախագիծը օրենքի ուշով մտնի Ազգային ժողով»,- ասաց նա։
Նախաձեռնության համակարգողն ասաց, որ «մինչև 1 ամիսը» կարող է լինել 30 օր, 2օր, 1 օր… «Դիցուք, եթե ամբողջ մեկ ամիսը ԿԸՀ-ն կօգտագործի, այդ դեպքում օրենքի նախագիծը ԱԺ կմտնի սեպտեմբեր ամսվա վերջ և դրանից հետո Ազգային Ժողովը ունի, ըստ օրենքի, ևս 2 ամիս այն դիտարկելու և քվեարկության դնելու համար»,- ասաց Չալաբյանը։
Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն պետք է հաշվարկի ստորագրությունները, ինչն այնքան էլ հեշտ աշխատանք չէ, ինչի համար, որպես երկրորդ աչք, նախաձեռնությունն ապավինում է լրատվամիջոցների ներգրավումը գործընթացին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







