ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչով է հանդես եկել, տեղեկանում ենք Փալոնի պաշտոնական կայքից։
«Հուլիսի 29-ին ադրբեջանական ուժերը ձերբակալել են Արցախի քաղաքացիական բնակչի, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով տեղափոխվում էր Հայաստան: Նրանք անհիմն պնդել են, որ նա 1991թ.-ին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ «ռազմական հանցագործ» է եղել, ինչը, ըստ երևույթին, վտանգավոր նախադեպ է ստեղծել երկու պատերազմներին մասնակցած մյուս բոլոր հայերի համար: Մարդու իրավունքների այս խախտումը տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ Ալիևի ռեժիմը հրաժարվել է Արցախի ղեկավարության հետ նախատեսված բանակցություններից, որոնք պետք է տեղի ունենային Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում՝ օգոստոսի 1-ին»,-գրել է Փալոնը։
Նա շեշտել է, որ Ալիևի գործողությունները նախկինի պես ցույց են տալիս, որ նա շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում հայերի պահպանության խնդիրների լուծմամբ, ինչն անհրաժեշտ պայման է տևական խաղաղ կարգավորման համար:
«Փոխարենը նա շարունակում է սաբոտաժի ենթարկել բանակցությունները և օգտագործում է ձգձգման մարտավարություն՝ հույս ունենալով, որ սովի միջոցով կարող է մարդկանց վտարել իրենց պատմական հայրենիքից կամ ստիպել նրանց ենթարկվել իր դաժան իշխանությանը։ Ադրբեջանը շարունակում է շրջափակել Լաչինի միջանցքը՝ խոչընդոտելով ցանկացած սննդամթերքի, դեղորայքի և էներգառեսուրսների մուտքը Արցախ։ Սա միջազգային իրավունքի խախտում է և Ալիևի ռեժիմի կողմից այդ մարդկանց դեմ էթնիկ զտումների ակնհայտ արշավ։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը, կարող են և պետք է հստակ գործողություններ ձեռնարկեն՝ կանխելու այս հումանիտար ճգնաժամի հետագա խորացումը: Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին օգտագործել բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները՝ ներառյալ պատժամիջոցները, այս շրջափակմանը վերջ տալու համար»,-ասել է Փալոնը։
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։ Հայաստանը հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։ ՄԻԵԴ-ը Բաքվին պարտավորեցրել է Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել մինչեւ օգոստոսի 8-ը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







