Սահմանադրական դատարանի գործող նախագահն ու նրա քաղաքական թիմը՝ Հանրապետականները, նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց առաջ կազմակերպել են ՍԴ նախագահի աբսուրդ ընտրություններ Ազգային ժողովում՝ իմանալով, որ 19 օրից ուժի մեջ է մտնում նոր Սահմանադրությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Զառիթափում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությամբ ՍԴ նախագահը պաշտոնավարելու է վեց տարի, իսկ նախկինում պաշտոնավարման ժամկետը ցմահ է եղել, իսկ աբսուրդ ընտրությունները միտված են եղել նրան, որ այժմ ներկայացնում են հիմնավորում, որ ՍԴ նախագահը ընտրվել է ավելի վաղ, քան կատարվել են փոփոխությունները և պետք է պաշտոնավարի ցմահ։
«Սա կազմակերպելու համար թույլ է տրվել կեղծիք։ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն իր պաշտոնավարման ժամկետից 25 օր առաջ հրաժարական է տալիս։ 22 տարի դիմացել է ՍԴ նախագահի պաշտոնում, բայց 25 օր չի դիմացել, պատկերացնու՞մ եք։ Նպատակն այն է եղել, որ Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը սեփականաշնորհեն Սահմանադրական դատարանը։
Սա էլ առանց կեղծիք չի արվել․ Գագիկ Հարութունյանը հրաժարական է տվել մարտի 5-ին, որն իմացել ենք ՍԴ ելքային փաստաթղթերի մատյանից։ Քրեական գործ է հարուցված, քանի որ երևացել է, որ ամսի 5-ին դուրս է եկել հրաժարականը և գնացել ԱԺ, բայց խորհրդարան հասել է մարտի 2-ին։
Հասկացել են, որ չեն հասցնի ԱԺ հերթական նիստում ընտրեն Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ։ Եթե անգամ հասցնեին ընտրել,ապա կընտրվեր վեց տարով»,- նշել է ՀՀ վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ այս կեղծիքը կատարվել է այն ժամանակ, երբ բոլորի ուշադրությունը կենտրոնացված է եղել այն բանի վրա, թե ով է լինելու ՀՀ վարչապետը։
«Մենք լուծում ենք Սերժ Սարգսյանի ու Հրայր Թովմասյանի հերթական խաբեության հարցը։ Մենք պետք է մեզ ազատենք այդ կեղծիքից ու խաբեությունից»,- նշել է Փաշինյանը։
Անդրադառնալով ՍԴ մյուս դատավորներին վարչապետը նկատել է, որ նրանք օրինականացրել են անօրինական որոշումների շարքը և Հայաստանին պետք են անկախ ու անաչառ դատավորներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






