«Ադրբեջանն իր պարտավորությունները չկատարելով` խախտում է կոնվենցիոն պարտավորությունները և խաթարում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հիմնական սկզբունքները»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։
Հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը՝ որոշել է վերահաստատել իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը, հայտնել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
Սույն որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստացի վերահաստատել է գործող իրադրության պայմաններում իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարման անհրաժեշտությունը և այն պետք է պարտադիր կատարվի Ադրբեջանի կողմից, ասված է հաղորդագրության մեջ։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաեւ Լաչինի միջանցքի մուտքի մոտ։
Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարեց ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելեց ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպքը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






