ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը պատասխանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին «դուրս մղելու» փորձերի մեղադրանքին:
«Եթե Ռուսաստանը կարծում է, որ կարող է կառուցողական դեր խաղալ, իհարկե, մենք ողջունում ենք, բայց մենք նախկինի պես կարծում ենք, որ այդ բանակցություններն առաջ են ընթանում, դրանք ընթացքի մեջ են։ ԱՄՆ-ն կարևոր գործընկեր է այդ գործում։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է զբաղվել այդ հարցով»,- նշել է Պատելը։
Նա վերահաստատել է, որ «հարցի լուծման և Հարավային Կովկասում կայուն ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է»։
Հունիսի 20-ին Լավրովը Հարավային Կովկասում Արևմուտքի ակտիվությունը կապել էր էքսպանսիայի ձգտման հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքի ցանկությունը՝ ընդլայնվել դեպի ՆԱՏՕ-ի սահմաններից հեռու տարածաշրջաններ, կապ չունի իրադրությունը կայունացնելու անկեղծ ցանկության հետ։
«Նրանք [ԱՄՆ-ը և դաշնակիցները], ես գիտեմ, որ ազդանշաններ են ուղարկում հայերին, որ եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք ձեր տարածքից և դուրս մղեք սահմանապահներին, հեռացրեք ռազմաբազան, մենք ձեզ կօգնենք ապահովել անվտանգությունը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Նա դա անվանել է բացահայտ սադրանք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







