ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները չեն մասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստին, ասված է խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ։
«2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանի՝ նախապես ազդարարված մասնակցության եւ հրապարակային ցուցմունք տալու նախաձեռնության առիթով, վերաշարադրելով ընդդիմության նախկինում հրապարակած դիրքորոշման փաստարկները, վերահաստատում ենք՝ ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցի այդ շոուին»,- ասված է հայատարարության մեջ։
Նշվում է, որ իշխանական մեծամասնության կողմից ձևավորված քննիչ հանձնաժողովը չի կարող ապահովել անաչառություն։
«Քննիչ հանձնաժողովի ձևավորումն ինքնին իշխանական մեծամասնության կողմից չի կարող ապահովել անաչառություն, համապարփակություն, քանի որ իշխող ուժի՝ ճնշող մեծամասնություն ունեցող հանձնաժողովն ի զորու չէ առարկայական քննել սեփական իշխանության, կառավարության գործունեությունը»,- ասված է խմբակցությունների հայտարարության մեջ։
Խմբակցությունները վստահ են, որ Փաշինյանի հրապարակային ցուցմունք տալու նախաձեռնությունը, որևէ կերպ չի նպաստելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուն։
«Փաշինյանի հրապարակային, ուղիղ եթերում ցուցմունք տալու նախաձեռնությունը, որեւէ կերպ չի նպաստելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուն, քանի որ հրապարակային վկայությունների պարագայում, անհնար է լինելու պետական, ռազմական, դիվանագիտական գաղտնի տեղեկությունների հրապարակումը, կամ դրանց շուրջ հարցադրումների ներկայացումը»,- նշել են խմբակցությունները։
Խմբակցությունների հավաստմամբ՝ քննիչ հանձնաժողովը պարտավոր է հրապարակել բոլոր հարցաքննվածների պատասխանները, եթե որոշվել է հրապարակել հանձնաժողովի աշխատանքները, ոչ թե վարչապետի համար բացառություններ անել։
«Մեկ հարցաքննվողի համար բացառություն անելու դեպքում քննիչ հանձնաժողովը հավասարության համար պարտավոր է հրապարակել բոլոր հարցաքննության ենթարկվածների ցուցմունքներն ու պատասխանները։ Հակառակ պարագայում ստեղծվում են անհավասար պայմաններ եւ քննիչ հանձնաժողովը լինելու է Փաշինյանի քաղաքական թիրախավորումների, «մեղավորներ» նշանակելու հարթակ»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու պաշտոնական հրավեր ենք ուղարկելու։




































