1․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն` հարցաքննության:
Թերթին հասած տեղեկություններով` ՀՔԾ-ում վերջինիս հարցաքննությունը կապված է իր դեմ հարուցված կաշառքի վերաբերյալ քրեական գործի հետ:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին կաշառքի գործով ձերբակալեց, սակայն ավելի ուշ նա ազատ արձակվեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը ներկայացրել էր, որ նախկին դատապարտյալը ավտոլվացման կետում հետաքրքրվել է Լյովա Բաղդասարյանի ավտոմեքենայով, իբր, գնելու նպատակով և գումարը մեքենայում է թողել:
2․ «Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովում ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը տևական ժամանակ նիստ չի գումարել։
Հանձնաժողովում ընդգրկված պատգամավորներից մեկը նշեց, որ պատճառը քարոզարշավն է։ Թերթի զրուցակիցը, ի դեպ, չբացառեց, որ առաջիկա հյուրերն Արցախից կլինեն։ Բայց ոչ թե նրանք կգան Երևան, այլ իրենք կգնան Ստեփանակերտ:
3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ իշխող կուսակցության համար Իջևանում կրկին ակտիվ գործընթացներ են. մարտի 16-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրելու է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն։
Մասնաճյուղի տնօրենի թեկնածուների մեջ է վարչապետ Փաշինյանի քավորի` Իջևանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանի ընկերը` Հայկ Քամալյանը, որը շարքային դասախոս է, մյուս թեկնածուները դոկտոր-պրոֆեսորներ են (թեկնածուները 6-ն են, նրանց թվում են ՀՅԴ նախկին փոխմարզպետ Վարդան Ալեքսանյանը, ԱԱԾ նախկին աշխատակից Հովսեփ Մովսիսյանը)։
«Ի դեպ, երբ հոգաբարձուների խորհուրդը քննարկում էր այդ պաշտոնում պարտադիր 3 տարի ղեկավար պաշտոն զբաղեցրած լինելու նորմը, հանուն քավորի ընկերոջ` «իգնոր» արեցին այն։
Իսկ այսօր արդեն իշխանությունները մոբիլիզացրել են վարչական ռեսուրսը, որպեսզի Քամալյանն անպայման ընտրվի։ Դրանով կլուծվի նաև ապրիլի 5-ի հանրաքվեի հարցը՝ ուսանողները միաբերան «այո» պետք է ասեն»,- ասել է թերթի աղբյուրը: Ի դեպ, հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 հոգուց, որից 16-ը կառավարության ներկայացուցիչներն են»:
4․168․am-ը գրում է, որ վարչապետի Բրյուսել մեկօրյա այցի ընթացքում նախատեսված չէր հանդիպում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ այն դեպքում, երբ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան այդ ժամերին Բրյուսելում էր և ավելին՝ այդ նույն օրն ունեցավ պաշտոնական հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:
«168 Ժամ»-ի բրյուսելյան աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՀ նախագահը պարզապես չի ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը՝ այն պատճառաբանելով իր խիստ ծանրաբեռնված գրաֆիկով:
Ուշագրավ է նաև, որ Նիկոլ Փաշինյանի այցը չներառեց հանդիպում նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ-Մարիա Սասոլիի հետ, ինչը թույլ է տալիս պնդելու, որ այցն անօգուտ էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների գործադիր և օրենսդիր ուղղություններով: Թերթի տեղեկություններ՝ մարտի 9-ին Բրյուսելում էր նաև Դավիթ-Մարիա Սասոլին, ով ևս չէր ընդունել Նիկոլ Փաշինյանին հանդիպելու առաջարկը:
5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Հայկ Մարությանին հանձնարարված էր Երևանի տրանսպորտի հարցում մինչև տարեվերջ արդյունքներ ցույց տալ, գծից հանել 450 «մահվան գազել»-ները։ Որոշված էր փետրվարի վերջին մրցույթ հայտարարել։ Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը նշել է, որ իր տեղեկություններով, կառավարությունը հետ է կանգնել այդ որոշումից:
«Հրաժարվել է երաշխավորագիր տրամադրել․․․ սա ակնհայտորեն մեծ հարված է քաղաքապետին, նախ՝ խոստումը չկատարեց, երկրորդ․ եթե երթեւեկությունից դուրս մնացած «գազել»-ներին չփոխարինի նոր տրանսպորտը, տրանսպորտի ճգնաժամը կխորանա ու կդառնա շատ ավելի մեծ խնդիր, քան աղբահանությունը»։ Բայց կարծում ենք, քաղաքապետը կգնա իր սիրած ճամփով՝ կդիմի խոշոր գործարարներին»,-թերթին նշել է Խաժակյանը:
6․ «Իրատես» թերթը գրում է, ասում են, թե Նիկոլ Փաշինյանը խիստ ստիպված է Սերժ Սարգսյանին Բրյուսել մեկնելու թույլտվություն «տվել». որովհետեւ ինքը ևս այց ուներ, և եթե արգելափակեր ԵԺԿ անդամ կուսակցության ղեկավարի այցը, ապա նույն ԵԺԿ ղեկավար Տուսկին, որի հետ Փաշինյանն ինքն է ցանկացել հանդիպել, չէր կարող հանդիպել:
Ասում են` եվրոպական որևէ կուսակցության պատկանելություն չունեցող «Քաղաքացիական պայմանագրի» համար Փաշինյանը փորձում է Տուսկի հետ հանդիպմամբ «ոտատեղ» բացել, սակայն Սերժ Սարգսյանի այցից հետո, փորձագետները դա գրեթե անհնար են համարում, որովհետև Տուսկն իրականում «առաջին ձեռքից» է տեղեկացված մեկ անձի համար հանրաքվե անելու, Վենետիկի հանձնաժողովը «իզգոյացնելու», երկրի նախկին էլիտային դատարաններ «քարշ տալու» «ժողովրդավարական» նրբությունների մասին:
Իրականում Փաշինյանի այցը, ինչպես միշտ, որևէ լուրջ օրակարգ չի ունեցել, մանավանդ որ Եվրոպական հանձնաժողովի նոր նախագահի` Ուրսուլա Բանդերլեյենի հետ հանդիպում նախատեսված չի եղել:
7․ «Փաստ» թերթը գրում է, որ վերջերս տեղեկություն էր շրջանառվում, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գուցե դառնա ԵՊՀ ռեկտոր, բայց այդ տեղեկությունը հերքեցին թե՛ Գաբրիելյանը, թե՛ ԿԳՄՍ նախարարը։
Եվ ահա, վերջին մի քանի օրը կառավարության կուլիսներում շշուկներ են շրջանառվում, որ հնարավոր է Գաբրիելյանն առաջիկայում նշանակվի Կենտրոնական բանկի նախագահ։
Ինչպես հայտնի է, 2020 թվականի հուլիսին լրանում է ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, ինչից հետո նա հերթական անգամ չի կարող ընտրվել, քանի որ օրենքը թույլ չի տալիս։ Նշենք, որ Գաբրիելյանը ժամանակին եղել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, ապա ԿԲ նախագահի տեղակալ:
Անձամբ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ առաջին անգամ է լսում նման բան։ Ի դեպ, որպես ԿԲ նախագահի հիմնական հավակնորդ, շրջանառվում է նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի թեկնածությունը:
8․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանի կուսակիցները, աջակիցները և նույնիսկ զինակից գործարարները՝ Արկադի Համբարձումյան՝ Դերժավա, Արայիկ Գրիգորյան, Ռուբեն Հայրապետյան, կրկին պլանավորում են, որ մարտի 26-ին, ՀՀ երրորդ նախագահի գործով դատական հաջորդ նիստին մարդկանց տանեն դատարանի մոտ՝ բողոքի ակցիա անելու:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, թեև առաջին պիկետից հետո իշխանությունները նրանց մեսիջներ են ուղարկել, որ կարող են հարկային տեռորի ենթարկվել, սակայն գոնե այս պահին որոշել են չնահանջել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






