Եվրամիության ղեկավարությունը անտեսում է Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը և առաջնորդվում է միայն տարածաշրջանում սեփական աշխարհաքաղաքական և կարճաժամկետ շահերով՝ ի վնաս ժողիվրդավարության և մարդու իրավունքնեէի արժեքների, նշում է Արցախի ԱԳՆ-ն ՝ ի պատասխան մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի, ԵՄ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի հայտարարություններին։
Ընդգծվում է, որ Միշելի հայտարարությունում Լաչինի միջանցքի արդեն ավելի քան 5 ամիս արգելափակման, միջանցքի մուտքի մոտ ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման և Արցախի 120 հազար բնակչության փաստացի պաշարման մասին չհիշատակելը վկայում է որ Եվրոպական խորհրդի նախագահը փաստացի խրախուսում է Ադրբեջանին «Արցախի ժողովրդի տառապանքներն օգտագործել որպես քաղաքական գործիք։» Արցախի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Միշելը կաջակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումների անշեղ իրականացման նկատմամբ։
«Տարակուսանք է առաջացնում, որ Եվրոպական խորհրդի նախագահը ցուցադրաբար անտեսում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմնի իրավաբանորեն պարտադիր վճռի հետևողական չիրաանացումը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների համակարգված խախտումները։», – ասվում է հայտարարության մեջ։
Ըստ գերատեսչության՝ այն միջազգային դերակատարները, որոնք իրենց գործողություններով կամ անգործությամբ խրախուսում են Բաքվին իր ագրեսիվ, ծավալապաշտական քաղաքականության և միջազգայնորեն հակաիրավական գործողությունների մեջ, պատասխանատու են դրանց ծանր հետևանքների համար և արդարացնում են նման քաղաքականության և խախտումների կրկնությունն աշխարհի այլ կետերում։ Պաշտոնական Ստեփանակերտը հիշեցնում է, որ 1991 թ․ Արցախի ժողովուրդը, միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ներպետական օրենսդրությանը լիովին համապատասխան, իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և ստեղծել իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը և Հայաստանը:
«Առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների որևէ ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը», – ասվում է հայտարարության մեջ: ԱԳՆ-ն ընդգծում է Արցախի իշխանությունների հանձնառությունը բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման օգտին։ «Արցախի Հանրապետությունը շարունակում է բաց մնալ հակամարտության բոլոր բաղադրիչների և խաղաղ կարգավորմանն ուղղված ողջամիտ առաջարկների քննարկման համար», – ասվում է հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







