ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մասնակցել է ապրիլի 5-ին կայանալիք երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հանրաքվեի քարոզարշավին:
Գրեթե 2 ժամ կառավարության ղեկավարը քաղաքացիներին է հանձնել «Այո» նախընտրական շտաբի բուկլետներ: Միջոցառմանը մասնակցում էին նաև վարչապետի դուստրերը՝ Մարիամը և Շուշանը:
Փաշինյանը քարոզարշավը սկսել է Գարեգին Նժդեհ հրապարակ այցով, որը գտնվում է Երևանի Շենգավիթ թաղամասում: Այնուհետև վարչապետն անցել է մետրո, որտեղ շարունակել է բուկլետների բաժանումը վագոններում և մետրոյի կայարաններում: Նիկոլ Փաշինյանը զրուցել է մարդկանց հետ, հետաքրքրվել՝ տեղյա՞կ են գալիք հանրաքվեի մասին, ինչպես նաև հորդորել մասնակցել քվեարկությանը:
Բուկլետների բաժանման ընթացքում նաև տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում մետրոյի վագոնում մի աղջիկ պատռում է քարոզչական բրոշյուրը և նետում վարչապետի ուղղությամբ: Կառավարության ղեկավարը հանգիստ է արձագանքել կատարվածին: «Մենք հարգում ենք ձեր կարծիքը, ժողովրդավարությունը հենց դրա համար է», — ասել է Նիկոլ Փաշինյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






