Հայաստանի վարչապետը հասկանում է, թե որքան կարևոր է Մոսկվային համոզել, որ Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված Արևմուտքի միջնորդությունից «Ռուսաստանի հեղինակությանն ու դիրքերին վնաս չի հասցվում», կարծում է քաղաքագետ և Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը։ Նա այսպես է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա. «Ռուս-ամերիկյան ներկայիս կլինչում (առճակատում-խմբ․) այս խնդիրը գրեթե անհնարին է թվում։ Բայց ով գիտի, թե այս հարավկովկասյան հանգույցի ինչ տարանջատում է դեռ հնարավոր...»,- ընդգծել է փորձագետը։
Դուբնովը հիշեցրել է, որ մայիսի վերջին Ռուսաստանը կհյուրընկալի ԵԱՏՄ գագաթնաժողովը, «որտեղ անխուսափելիորեն կրկին կհանդիպեն Մոսկվայի ներկայիս հյուրերի մեծ մասը»։
Հայաստանի նախարարների կաբինետը ավելի վաղ հայտարարել էր Փաշինյանի՝ մայիսի 9-ի տոնին նվիրված միջոցառումներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվա կատարելիք այցի մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Պուտինի և Փաշինյանի հանդիպման հնարավորությունը, ասաց, որ այն քննարկվում է։
Փաշինյանը, մայիսի 4-ին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում ելույթ ունենալով, ասաց, որ առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան։ «Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Մոսկվա»,- մանրամասնեց վարչապետը։ Մինչ այս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատրաստակամությունը Մոսկվայում հանդիպմանը։




































