Սփյուռքում ապրող և մագիստրոսի կրթական աստիճան ունեցող 20 երիտասարդ հնարավորություն կունենա մեկ տարով աշխատել Հայաստանի Հանրապետության նախարարություններում ու գերատեսչություններում: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Զարեհ Սինանյանը նշեց, որ առաջին անգամ կառավարությունը սկսում է պրակտիկայի ծրագիր, որի նպատակն է աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած, բարձր մասնագիտական կարողություններ ունեցող մեր հայրենակիցներին պրակտիկանտի կարգավիճակով ներգրավել ՀՀ կառավարական համակարգում։
«իԳործ» ծրագրում ներգրավված են բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները՝ բացի ՀՀ պաշտպանության նախարարությունից և ատոմային էներգետիկայի հետ առնչվող կառավարական մարմնից:
Սփյուռքի գործերի հանձնակատարը նշել է, որ նախարարություններն ու գերատեսչություններն ուղարկել են իրենց կարիքների ցուցակը, թե ինչ մասնագետների անհրաժեշտություն ունեն:
«Կառավարությունն ընտրված 20 անձանց համար հոգում է և՛ ՀՀ տեղափոխվելու, և՛ 336 հազար դրամով կեցության ծախսերի գումարը, որպեսզի հնարավոր դարձնի այս մարդկանց համար Հայաստանում աշխատելն ու ապրելը: Ծրագիրը կմեկնարկի 2020թ. հուլիսի 1-ին, կավարտվի 2021թ. հունիսի 30-ին»,- նշեց Զարեհ Սինանյանը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «իԳործ» ծրագրին դիմելու վերջնաժամկետը ապրիլի 15-ն է: Ծրագրին դիմելու համար պետք է անցնել հղմամբ և լրացնել հայտադիմումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






