ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Երևանում առանձնազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, պաշտոնական Բաքվի սադրիչ հայտարարությունների և ագրեսիվ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ձևավորվող վտանգավոր իրավիճակի, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող միջանցքում անցակետի տեղադրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում Միրզոյանի կողմից շեշտվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման ուղղությամբ Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից հստակ արձագանքի և գործուն քայլերի անհրաժեշտությունը։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ։
«Մանրամասն քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ առաջին հերթին ԼՂ-ում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում իրավիճակի սրման համատեքստում, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը նախանշվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածություններին համապատասխան»,- գրում է ՌԴ ԱԳՆ-ն։
Բացի այդ, կողմերը նշել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության դրական դինամիկան։ Ընդգծվել է բարձրագույն և բարձր մակարդակներում երկխոսության առաջանցիկ զարգացումը, ինչպես նաև պրոֆիլային գերատեսչությունների, խորհրդարանական, միջտարածաշրջանային շփումների և մշակութային կապերի համագործակցության ընդլայնումը: Արձանագրվել է առևտրատնտեսական հարաբերությունների ռեկորդային դինամիկա։ Գոհունակություն է հայտնվել միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի և Հայաստանի համակարգման աստիճանից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






