Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երկրապահ կամավորականների միությունում այսօր՝ մարտի 5-ին, մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այս մասին տեղեկատվության է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատավության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետը ներկաներին շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի առիթով և կարևորել շնորհավորանքի խոսքերը ԵԿՄ-ում հնչեցնելը, որովհետև միությունը Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է:
«Ինչո՞ւ ենք մենք այսքան կարևորում և բարձր գնահատում Վազգեն Սարգսյանի գործունեությունը որպես ազատամարտի կազմակերպիչներից մեկը, որպես Սպարապետ, որպես Հայոց բանակի, ժամանակակից բանակի հիմնադիր: Դա ունի շատ պարզ բացատրություն, որովհետև Վազգեն Սարգսյանի գործունեությունն առաջին հերթին որպես ազատամարտիկ՝ արտահայտությունն էր այն հավատի, որ մարդը կարող է ունենալ ինքն իր ուժերի նկատմամբ՝ փոխելու սեփական ժողովրդի ճակատագիրը, փոխելու սեփական ժողովրդի ապագան: Եվ կարծում եմ, որ այդ հավատն 90-ականների սկզբին հենց Վազգեն Սարգսյանի մեջ է ծնվել: Այդ հավատը վարակել է հարյուրավոր, հազարավոր հայրենակիցների և այդ հավատի շնորհիվ է, որ տեղի է ունեցել հաղթանակն արցախյան ազատամարտում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հենց այդ հավատի և հատկության շնորհիվ է, որ մենք պետք է կերտենք նորանոր հաղթանակներ:
Վարչապետը նաև նշեց, որ այդ հաղթանակը չի տարվել նրա համար, որ ուրիշներին անընդհատ ի ցույց դրվի: Հաղթանակը տարվել է նրա համար, որ այսօր յուրաքանչյուր հայ, Հայաստանի Հանրապետության և Արցախի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա արժանապատիվ, պաշտպանված՝ որպես հպարտ երկրի հպարտ քաղաքացի, որի իրավունքները և հնարավորությունները ոչ միայն պաշտպանված են, այլև երաշխավորված:
«Մյուս կողմից հանրությունը, ազատամարտիկը պետք է տեսնի, որ ինքը գնահատված է, իր աշխատանքը գնահատված է, իր հաղթանակը չի ուրացվում: Եվ սա մի գործընթաց է, մի բովանդակություն է, որը թվում է ակնհայտ: Բայց ցավով պետք է արձանագրենք, որ այդ բովանդակությունն իրականացնելու ճանապարհին էլ, մենք մինչև վերջ չենք գնացել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, երբեմն ժամանակ չի եղել, երբեմն ժամանակներն են այլ եղել, երբեմն գիտակցումը չի եղել այդ օրակարգի, բայց սա Երկրապահ կամավորականների միության նոր ժամանակներում գործունեության հիմնական անելիքն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






