Ատելության և թշնամանքի տարածումը պետք է դիտարկել որպես ազգային անվտանգության սպառնալիք: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերին փաթեթի քննարկման ժամանակ, որով նախատեսվում է քրեականացնել բռնության հանրային կոչը, քարոզը:
Զոհրաբյանը խոստովանեց, որ ինչ-որ պահի եղել է ատելության հռետորաբանության և անգամ բռնության կոչերի թիրախ։
«Համացանցի օգտատերերից մեկը կոչ է արել ինձ այրել հրապարակում, ինչպես Ժաննա դ’Արկին։ Այո, եթե այրվել, ապա միայն Ժաննա դ’Արկի պես», — հայտարարեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ շատ կուզենար, որ ներկայացված օրինագիծը լուծեր բոլոր խնդիրները, սակայն առաջարկված մեխանիզմները չեն պարունակում «անհրաժեշտ ոսկերչական լուծումներ, որոնք թույլ կտային լուծել խնդիրը՝ չվնասելով խոսքի ազատությանը»:
Նա պատրաստակամություն հայտնեց նախարարության հետ աշխատելով՝ գտնել ոսկե միջինը:
«Ես քաղաքական կոնսենսուսի կողմնակիցն եմ, եթե մենք՝ քաղաքական ուժերս, այս դահլիճում, որ պարտավոր ենք ինչ-որ տեղ օրինակ ծառայել հանրության համար, կկարողանանք գալ քաղաքական համաձայնության, որ այնպիսի ելույթներ, ինչպիսիք ամեն օր հնչում են դահլիճում, չեն հնչելու: Շատ դեպքերում, հասկանում եմ, դժվար է չարձագանքել, երբ ասում են, ուզում ես անպայմանորեն պատասխանել: Բայց եթե կարողանանք մեր մեջ քաղաքացիական խիզախություն գտնել, ինչ-որ տեղ զիջել, առաջինը չպատասխանել, մեկ անգամ չհակադարձել: Եվ եթե կարողանան մեդիայի հետ կնքել համաձայնություն, որ լայքեր ու դիտումներ ավելացնելու համար չտան, օրինակ, Նաիրա Զոհրաբյանի ելույթը, որտեղ կլինի ագրեսիա, վիրավորանք որևէ սոցիալական խմբի, որևէ քաղաքական ուժի հանդեպ, կկարողանանք այս խնդիրը լուծել: Եթե ոչ, այս խնդիրը որևէ օրենսդրական նախաձեռնությամբ չի լուծվելու: Եկեք մենք հիմա այստեղ դառնանք այդ օրինակը»,-ասաց Զոհրաբյանը:
Նա գործընկերներին կոչ արեց որոշել, որ ԱԺ ամբիոնը չի լինելու անձնական վիրավորանքների ամբիոն: Զոհրաբյանը նկատեց՝ միայն դրանից հետո կարող են մտածել՝ հանրային ագրեսիան, թշնամանքը, ատելությունը մենք կարո՞ղ ենք հաղթահարել, թե ոչ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






