Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը Armenia Today-ի հետ զրույցում անվանել է Հայաստանի փոխգործակցությունն արևմտյան երկրների հետ Հայաստանի ինքնիշխանության և «ապագայի աշխարհաքաղաքական ընտրության» հարց:
«Ռուսաստանում Արևմուտքի հետ փոխգործակցությունն ընկալվում է որպես Հայաստանին հակառուսական կոալիցիա ներքաշելու փորձ՝ զորավարժություններին մասնակցելու միջոցով։ Համաշխարհային մասշտաբով, հաշվի առնելով Հռոմի ստատուտի ընդունման հետ կապված միջադեպը ՌԴ նախագահի և երեխաների օմբուդսմենի դեմ արշավի ֆոնին, դրանք ընկալվում են որպես արևմտյան երկրների կողմից Հայաստանին հակառուսական կոալիցիա ներքաշելու փորձեր՝ օգտագործելով Երևանին ներկայիս աջակցությունն Ադրբեջանի հետ հարաբերությունները սրելու, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի արգելափակման հարցում»,- ընդգծել է փորձագետը։
Պրիտչինը նշել է, որ ի պատասխան իր աջակցության՝ Արևմուտքը պահանջում է Հայաստանի իշխանություններից մասնակցել բոլոր զգայուն և կարևոր հարցերին, որոնք Ռուսաստանում որոշ չափով ընկալվում են որպես հակառուսական։
Փորձագետն ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը որակել է եվրոպական դիտորդական խմբի նկատմամբ Հայաստանի հույսերի ֆիասկոյի «ցուցանիշ»։ «Բացասական կողմն այն է, որ չնայած եվրոպական դիտորդական առաքելության ներկայությանը, որը Երևանի կողմից նման միջադեպերը կանխելու առանցքային գործիք է դիտարկվում, այնուամենայնիվ, դրանք տեղի են ունենում», — բացատրել է նա:
Պրիտչինը վստահ է, որ եվրոպացի դիտորդների ներկայությունը ոչ մի կերպ չի ազդել նման միջադեպերի կանխարգելման վրա։ «Սա այն ցուցանիշն է, որ ոչ մի արտաքին կողմ չի կարողանա առանձնացնել հակամարտող կողմերին, եթե հիմնարար հարցերը չլուծվեն։ Այստեղ, մասնավորապես, նման խնդիր է սահմանի սահմանազատումը»,- նշել է փորձագետը։
Նրա կարծիքով, կողմերի մեկնաբանության տարբերությունները, թե ուր պետք է գնա սահմանը և որտեղ են գտնվում սահմանային պաշտպանության օբյեկտները, հանգեցնում են նամն կարգի կոնֆլիկտային իրավիճակների սրման, որոնք «է՛լ ավելի են բարդացնում բանակցային գործընթացը»։ «Այս իրավիճակից որքան հնարավոր է շուտ դուրս գալու միակ ելքը սահմանազատման շուրջ բանակցային գործընթացի ակտիվացումն է»,- եզրափակել է Պրիտչինը։
Ապրիլի 6-ին Պենտագոնը հայտարարել էր Հայաստանի մասնակցության մասին Defender 23 զորավարժություններ (ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի երկրների ամենամյա բազմազգ համատեղ զորավարժություններ), որոնք կմեկնարկեն ապրիլի 22-ին։ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հավելել էր, որ այս տարի զորավարժություններին կմասնակցեն մոտ 9000 ամերիկացի զինծառայողներ և 17000 զինծառայողներ 26 դաշնակից երկրներից, ընդ որում՝ զորավարժությունների տարբեր հատվածներ կանցկացվեն ընդամենը 10 եվրոպական երկրներում։
Սակայն ավելի ուշ Պենտագոնը շտկել էր հրապարակումը` հանելով Հայաստանին մասնակիցների ցուցակից։ ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանելով այս փոփոխությունը՝ նշել էր, որ ընթացիկ տարում պլանավորվում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ապրիլի 12-ին ասել էր, որ Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի զորավարժություններին իրենց մասնակցության վերաբերյալ։ Նա հավելել էր, որ պատասխան ստանալուց հետո ռուսական կողմը կորոշի արձագանքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







