Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ մարտի 4-ին, ընդունել է Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեա Վիկտորինին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել են նոր կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին, իրականացվող կանխարգելիչ քայլերին:
Անդրեա Վիկտորինը ողջունել է Հայաստանի առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումներն առաջին դեպքի հայտնաբերման առնչությամբ` հավելելով, որ տեղեկատվության պաշտոնական աղբյուրից արագ տրամադրումը ճիշտ քայլ էր: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոչ միայն նոր կորոնավիրուսի դեմ պայքարին, այլև առհասարակ առողջապահության ոլորտի զարգացման աշխատանքներին:
«Առողջապահության նախարարության և կառավարության կողմից ձեռնարկված թափանցիկ աշխատանքը խուճապի նվազեցման լավագույն տարբերակն է»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը, և պատրաստակամություն հայտնել համագործակցելու այս ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






