Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Զուրաբիշվիլին բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և նշել, որ այսօրվա հանդիպումներում քննարկված հարցերն ու նախաձեռնությունները նոր խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում տիկին Զուրաբիշվիլիին հանդիպելու և երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման հեռանկարները քննարկելու հնարավորության համար:
«Հաճելի է հերթական անգամ հանդիպել Ձեզ: Կարող եմ արձանագրել, որ մեր առաջին հանդիպումից ի վեր հայ-վրացական հարաբերությունները դրական զարգացում ունեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այցի ընթացքում կուրվագծվեն միջպետական համագործակցության զարգացման նոր հնարավորություններ:
Նիկոլ Փաշինյանը և Սալոմե Զուրաբիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Այնուհետև քննարկումները շարունակվել են պաշտոնական ճաշի շրջանակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






