1․«Հրապարակ» թերթը գրում է. «Հնարավո՞ր է հանրաքվեն տեղի չունենա կորոնավիրուսի պատճառով, շատերն անհանգիստ են, չունե՞ք անհանգստություն՝ հարցրել են ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ «Անկեղծ ասած` մետեորիտն ինձ ավելի շատ է անհանգստացնում, քան էդ կորոնավիրուսը, պետք չէ պանիկայի մեջ ընկնել, ամեն ինչ նորմալ է. մասնակցության հետ կապված՝ որևէ խնդիր չեմ տեսնում»: Նույն հարցին իմքայլական Հրաչ Հակոբյանը պատասխանեց․ «Կորոնավիրուսի հետ կապված՝ անիմաստ խուճապ է հիմա»:
Հայաստանում չկա՞։ «Դե, եթե կա, ասեք` իմանանք»։ Հնարավոր չէ՞, որ բոլոր տվյալները չհրապարակեն։ «Չէ, կիմանայինք, եթե ոչ մենք, դուք` լրագրողներդ, հաստատ, թաքուն չէր պահվի»: Հանրաքվեն չի՞ վտանգվի։ «Վստահ եմ՝ անհրաժեշտ ձայն ու ավելին կհավաքի»: Շատ չե՞ք ինքնավստահ։ «Այդ ինքնավստահությունը գալիս է մեր աշխատանքից»:
2․«Ժողովուրդ» թերթը գրում է, որ չնայած կորոնավիրուսի դեպք Հայաստանում հաստատվել է ընդամենը մարտի 1-ին, սակայն երկու օր անց Հայաստանում իսկապես խուճապ է առաջացել. խանութները դատարկվում են անհագ գնումների պատճառով, դեղատներում դիմակ և ախտահանիչ միջոցներ չկան։
Իսկ ո՞րն է պատճառը, և ինչո՞ւ հասարակությունը պատրաստ չէր այդ լուրին: Այս օրերին կրկին ականատես եղանք մի իրավիճակի, երբ հասարակությանը հանգստացնելու, իրավիճակը ներկայացնելու ամբողջ բեռն իր ուսերին է վերցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և յուրաքանչյուր անգամ անում էր հայտարարություններ, որոնք տարբերվում էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արտահայտած մտքերից:
Այդպես եղավ թե՛ ՀՀ-Իրան սահմանը փակելու, թե՛ ուսումնական հաստատությունների աշխատանքները հետաձգելու հարցերում: Սակայն հենց այս իրավիճակում հատկապես կարևոր է, որ գործադիրի անդամները կարողանան ճիշտ համագործակցել թե՛ միմյանց, թե՛ վարչապետի հետ:
Այս ամենից զատ՝ իր աշխատանքում թերանում է նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Ինչպես հայտնի է, կորոնավիրուս է հայտնաբերվել Թեհրանից Հայաստան ժամանակ ՀՀ քաղաքացու մոտ, և քաղաքացին ինքն է դիմել բուժօգնության: Նրան, սակայն, պետք է ստուգեին մինչև ինքնաթիռ բարձրանալը, ապա՝ օդանավակայանում։ Հենց այստեղ է, որ պետք է համապատասխան աշխատանքներ իրականացնի տեսչական մարմինը ու մեկ առ մեկ ստուգի մարդկանց օդանավակայանում: Բայց այս տեսչությունը մշտապես աչքի է ընկնում իր անգործությամբ, ոչ պրոֆեսիոնալ մասնագետներով, իր ղեկավարների հաճախակի փոփոխությամբ:
Իսկ արդյոք Հայաստանն ունի՞ հակավիրուսային միջոցներ. արդեն պարզ է, որ դեղատներում չկան դիմակներ, ախտահանիչ միջոցներ և, մյուս կողմից էլ, չկան հստակ հակավիրուսային միջոցներ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Առողջապահության նախարարութան մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, թե ոչ մի հատուկ դեղամիջոց չկա, և օգտագործվում են սովորական հակավիրուսային դեղամիջոցներ և ջերմիջեցնողներ:
Հուսանք՝ իշխանություններն այս տարատեսակ ինֆորմացիան հսկողության տակ պահելու համար կստեղծեն մի կենտրոն, որտեղից միայն մեկ անձ ինֆորմացիա կտրամադրի, և այն կլինի վերջնական և հավաստի»:
3․«Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ ուշ երեկոյան տեղեկություն են ստացել, որ ռուսական իշխանությունները Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։
Այս որոշման հիմքում քաղաքական, գուցե նաև իրավական հիմնավորումներ են դրված:
4․«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ կառավարությունն արդեն տևական ժամանակ է՝ C\/-ներ է հավաքում: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ թերթի տեղեկությունների, նպատակ ունի առաջիկա ամիսների ընթացքում ամբողջությամբ փոխել կառավարության կազմը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը որոշել է ամեն շրջանակից, ոլորտից տվյալների բազա հավաքել, քանի որ ինքը ցանկանում է կառավարությունը վերից վար փոխել, նոր կադրերով համալրել, քանի որ նրան դուր չի գալիս կառավարության կատարած աշխատանքը:
Ըստ թերթի տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է այդ տվյալների բազան ուսումնասիրում, որոնք նրան տրամադրում է նախորդ տարի ստեղծված կադրային բանկը: Երեկ այս ամենի համատեքստում էլ ՀՀ վարչապետն իրեն օգնական նշանակեց ՀՀ ար-դարադատության նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանին և մամուլի խոսնակ Նշանակեց Մանե Գևորգյանին:
Ըստ թերթի տեղեկությունների՝ վարչապետը շատ երկար է ուսումնասիրել այս երկու անձանց, որից հետո միայն նշանակում է կատարել: Մանե Գևորգյանի մասով ոչինչ ասել չենք կարող, բայց այ Աննա Վարդապետյանն իրոք իր գործի գիտակն է, պատրաստված, խելացի կադր, զուսպ պաշտոնյա:
«Ժողովուրդ» օրաթերթը կառավարության հասարակայության հետ կապերի և լրատվության վարչությանը հարցում է ուղարկել, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ կառավարությունը C\/-ներ է հավաքում և կադրեր է փնտրում: Հարցման պատասխանը ստանալուց հետո կհրապարակեն նաև կառավարության տեսակետը»:
5․«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում՝ կորոնավիրուսի հետ կապված տրամադրությունների առումով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ստեղծված բավականին անկանխատեսելի իրավիճակից ելնելով, իշխանությունները ներկայումս քննարկում են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ իրենց ապահովագրելու հնարավորությունները։
Թերթին հասած տեղեկություններով, վարչապետը նախօրեին հանձնարարել է իրավաբանների խմբին՝ ուսումնասիրել Սահմանադրական հանրաքվեն չեղարկելու իրավական կարգավորումները, որոնք հնարավորություն կընձեռեն անհրաժեշտության դեպքում հարցի հետ կապված կտրուկ որոշումներ ընդունել։
Մասնավորաբար, չի բացառվում՝ մինչև մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում, ելնելով իրադարձությունների զարգացման ընթացքից, ժամանակավորապես չեղարկվի նաև հանրաքվեն՝ այն հետաձգվելով մինչև աշուն։
Բայց սա միայն տարբերակներից մեկն է, այն էլ՝ սուր անհրաժեշտության դեպքում: Սակայն մինչ այդ տեղերում սկսել են ակտիվ աշխատել իշխանությունների ներկայացուցիչները, մասնավորաբար մարզպետները:
Ի դեպ, տեղերից ստացվող տեղեկությունների համաձայն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, քիչ չեն այն գյուղապետները կամ տարածքային տարբեր կառույցների ղեկավարները, որոնք պատրաստ են ամեն գնով «արջի ծառայություն» մատուցել իշխանություններին, չնայած, այդ մասին զգուշացրել էր Սուրեն Պապիկյանը՝ նշելով. «Քարոզարշավի ժամանակ որևէ մեկը թող չփորձի արջի ծառայություն մատուցել իշխանությանը»։
6․«Հրապարակ» թերթը գրում է. ««Իշխանությունները բացարձակապես պատրաստ չեն կորոնավիրուսի դեմ պայքարին. հարցը դիմակների, գրիպի պատվաստանյութի դեֆիցիտը կամ Իրանից եկածներին կարանտինի մեջ պահելը չէ, անգամ օպերատիվ շտաբ չեն ստեղծել։ Իսկ սա միայն առողջապահական խնդիր չէ՝ տնտեսականից մինչև պաշտպանական, առաջին հերթին բանակին վերաբերող հարց է։
Հասկացանք` զինվորների ներսուդուրս, հարազատների այցելություն արգելել են, բայց կորոնավիրուսն օդակաթիլային վիրուս է. ի՞նչ է արվում սպայական կազմին, սպասարկող անձնակազմին պաշտպանելու համար։ Աստված մի արասցե, վիրուսը բանակ մտնի։ Բոլոր նորմալ երկրներում գործում է խիստ մշակված պլան` օպերատիվ շտաբներում»,- ասաց ԱՆ աշխատակիցը:
Ձևավորվե՞լ է օպերատիվ շտաբ՝ հարցրինք Արսեն Թորոսյանին։ «Օպերատիվ շտաբ ասելով՝ ի՞նչ եք պատկերացնում` շենք կամ սենյա՞կ։ Շտաբը գործող մարդկանց խումբ է, որ ամեն օր հավաքվում են մեր նախարարությունում և որոշում` ինչ պետք է արվի այդ շրջանակներում»:
7․Կորոնավիրուսի՝ Հայաստան ներթափանցման մասին տեղեկատվությունը հրապարակվելուց հետո Արցախում նույնպես ուժեղացված միջոցառումներ են իրականացվում: «Փաստ» թերթի՝ Արցախի աղբյուրների փոխանցմամբ, նախընտրական քարոզարշավն ու ընտրություններն, այնուամենայնիվ, չեն հետաձգվի, սակայն ընտրություններին մասնակից ուժերն ու թեկնածուները ազգաբնակչության հետ հանդիպումների դեպքում խնդիրներ են ունենալու մարդկանց մասնակցության առումով»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






