ՀՀ ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի ղեկավար Գոռ Գևորգյանը, խմբի անդամեր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Լուսինե Բադալյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը մարտի 2-ին հանդիպել են Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիի հետ: Այս մասին հայտնում է Խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ հայերն, առհասարակ, ուրույն տեղ են զբաղեցնում Մերձավոր Արևելքում և պատմականորեն կապված են արաբ ժողովրդի հետ: Գոռ Գեւորգյանի ներկայացմամբ՝ 1994 թվականին է Հայաստանի և Քուվեյթի Պետության միջև ստորագրվել դիվանագիտական հարաբերությունների մեկնարկի մասին համապատասխան փաստաթղթեր, 2002 թվականին ձևավորվել է Հայաստան-Քուվեյթ խորհրդարանական բարեկամական խումբը, 2011 թվականին Հայաստանում հիմնվել է Քուվեյթի դեսպանություն: Նա նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու Քուվեյթի հետ հարաբերությունները քաղաքական, խորհրդարանական, տնտեսական հարթություններում, ընդգծել, որ փոխգործակցության զարգացման լայն հեռանկարներ կան մի շարք ոլորտներում:
Բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության հարցում չափավոր և կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու համար: Նա հավաստիացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստակամ է Քուվեյթի Պետության հետ սերտ համագործակցության:
Նաուաֆ Ալ Էնեզին կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ հարցում բարեկամական խմբերի դերակատարումը: Խոսելով երկու երկրների միջև առեւտրատնտեսական ներուժի օգտագործման հնարավորությունների մասին՝ դեսպանն անդրադարձել է գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթական ոլորտներում հնարավոր համագործակցությանը, ներդրումներին:
Պատգամավորները մտքեր են փոխանակել գյուղատնտեսությանը, ճանապարհաշինությանը, Երևան-Քուվեյթ ուղիղ թռիչքների կազմակերպմանը, քուվեյթյան աշխատաշուկայում հայ մասնագետների ներգրավմանը վերաբերող հարցերի շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






