Փետրվարի 23-ին Դամասկոսում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին, հանդիպման օրակարգում էին տարածաշրջանային անվտանգության խնդիրները, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Արարատ Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:
Արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են հայ և սիրիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա: Այս առումով ընդգծվել է, որ Սիրիայի հայկական համայնքը յուրահատուկ կամուրջի դեր է խաղում երկու երկրների միջև:
Արարատ Միրզոյանը նաև ցավակցություն է հայտնել գործընկերոջն ու Սիրիայի բարեկամ ժողովրդին փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի զորակցությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից ուղարկված փրկարար ջոկատներն առաջիններից էին Սիրիայում՝ հավելելով, որ Հայաստանից մարդասիրական օգնության արդեն երեք խմբաքանակ է ուղարկվել աղետից տուժած շրջաններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 32 տոննա քաշով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






