«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Հայաստան այցի ժամանակ ՀՀ իշխանություններին փոխանցել է նախազգուշացում, որ Մոսկվայում լրջորեն զայրացած են հատկապես Փաշինյանի հայտարարությունից, թե «ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում, այլև ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»:
Ըստ թերթի տեղեկությունների՝ սա Ռուսաստանում գնահատվել է որպես Փաշինյանի կողմից «բոլոր կարմիր գծերի հատում»:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս հանգամանքը բավականին անհանգստացրել է Հայաստանի գործող իշխանություններին, և այդ հանդիպումից հետո մասնավորաբար ՀՀ ԱԳ նախարարն ու պաշտպանության նախարարը արագ զանգահարել են իրենց ռուսաստանցի գործընկերներին:
Մոսկվայում, ըստ «Փաստ»-ի, զայրացած են նաև Փաշինյանի այն հայտարարությունից, թե ԵՄ դիտորդները Հայաստան են գալիս՝ վստահ լինելու՝ Հայաստանը Ռուսաստանի հետ չի պատրաստվում «համատեղ ագրեսիվ գործողություններ իրականացնել Ադրբեջանի դեմ»: Սա Ռուսաստանում ընկալվում է որպես Հայաստանում իրենց ներկայության վրա արևմտյան «կոնտրոլ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






