ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի, նրա անձեռնմխելիությունը խախտվել է։ «Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակով բխող գործողությունների համար: Կներեք, բայց արտակարգ դրության հրամանագիր ստորագրելով՝ ոչ մի երկրի ոչ մի նախագահ չի կարող ասել, որ իր լիազորություններից բխող գործողություն չէ: Դա այն կլասիկ դեպքն է, ինչի համար տրվում է անձեռնմխելիությունը», — ասաց նա: Նա ընդգծեց, որ գործը պետք է կարճվի դատավարական կոպտագույն խախտումների պատճառով։
Ռ.Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն, անդրադառնալով 0038 հրամանին, ասաց, որ ընդհանրապես Հայաստանի նախկին երեք նախագահների դեպքում այնպիսի դրվածք չի եղել, որ պաշտպանության նախարարի հրամաններն ուղարկվեին ՀՀ նախագահին, որպեսզի հավատանության տար, որ արձակվի կամ չարձակվի, ուղարկվի ի գիտություն։ Ինչ վերաբերում է մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին, նա նշեց, որ հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեին, որ այնտեղ հավաքված ցուցարարների մոտ մարտական նռնակներ, մոլոտովի կոկտելներ, մահակներ, ոզնի կոչվող մետաղական սարքեր կային։
Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ իր զեկույցում նշեց, որ մարտի 1-ի բախումների ամբողջ պատասխանատվությունը ուղղվում է ոստիկանության վրա այն պարագայում, երբ այդ բախումների սկզբնական պահում ոստիկանությունը՝ առաջին շարքում կանգնած տասնութ տարեկան երիտասարդները, համալրված են եղել բացառապես պաշտպանական միջոցներով և մահակներով։ «Հենց նման անհամաչափ ուժի կիրառումը այս դեպքում ոստիկանության նկատմամբ, արդեն իսկ առանց որևէ հետագա գործողությունների, առանց խանութներ թալանելու, առանց մեքենաներ այրելու, բավական է պնդել, որ առկա է եղել իրադրություն, որը կանխելու համար անհրաժեշտ են եղել շատ արագ և խիստ միջոցառումներ»-հավելել է Խուդոյանը:
«Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ» նախաձեռնող խմբի ղեկավար Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ եթե 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն չհայտարարվեր, ապա զոհերի քանակն ավելի մեծ կլիներ։ «Եթե այդ օրը արտակարգ դրություն չհայտարարվեր և համապատասխան քայլեր չձեռնարկվեին, մենք կունենայինք շատ ավելի մեծ թվով զոհեր, և Երևանի առնվազն կենտրոնը օրեր շարունակ կլիներ այն վիճակում, որը մենք տեսել ենք այդ մի քանի ժամվա ընթացքում», — ասաց Վարդանյանը։ Նա նկատեց, որ մարտի 1-ի տասը զոհից 2-ը ոստիկան է, իսկ 187 ոստիկան էլ մարմնական վնասվածքներ էր ստացել, ինչը փաստում է՝ անհեթեթ է խոսել խաղաղ ցույցների մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






